Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորում հետևել է սուբվենցիոն և կապիտալ ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին

10.04.2024

Ապրիլի 9-ին Վանաձորում իրականացրած աշխատանքային շրջայցի ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի ուղեկցությամբ հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին:
Պաշտոնյաները նախ ծանոթացել են Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 388.6 մլն դրամ է: Աշխատանքները մեկնարկել են նախորդ տարի, ավարտը նախատեսված է 2024թ.-ի վերջին: Մարզպետը այստեղ շինարարներին հանձնարարել է իրականացնել խիճով փոսալցման աշխատանքներ։
Ա. Ղազարյանը և Ա. Փելեշյանը եղել են նաև Վանաձորի թիվ 4, թիվ 8 մանկապարտեզների շինհրապարակներում և թիվ 11 մանկապարտեզում:
Վանաձորի թիվ 4 մանկապարտեզի կառուցումն իրականացվում է պետություն- համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Արժեքը 173.8 մլն դրամ է: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Աշխատանքների ավարտը մինչև 2024թ. վերջ է:
Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման ծրագրի արժեքը 308.5 մլն դրամ է: Մանկապարտեզը նախատեսված է 180-200 երեխայի համար: Աշխատանքների ավարտը մինչև 2024թ. վերջ է:
Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի առաջին մասնաշենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է 2018թ.-ին՝ Հայաստանի տարածքային հիմնադրամի միջոցներով և բարերարների աջակցությամբ: Երկրորդ մասնաշենքի կառուցումն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Արժեքը 55 մլն դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Պաշտոնյաները շրջել են մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Աշխատանքային այց է կատարվել նաև Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի շինհրապարակ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Շինաշխատանքները մեկնարկել են 2022թ.-ին: Արժեքը 1.83 մլրդ դրամ է: Ծրագրի ավարտը նախատեսված է 2024թ.:
Շինհրապարակներում մարզի ղեկավարն արձանագրել է որոշակի թերություններ և բացթողումներ, հանձնարարել սեղմ ժամկետներում վերացնել դրանք:
Ա. Ղազարյանը կարևորել է աշխատանքները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը և նշել, որ անորակ որևէ աշխատանք չի ֆինանսավորվելու:
-Անձամբ ես և Լոռու մարզպետի աշխատակազմը հետևողական ենք պետական և համայնքային միջոցներով մարզում իրականացվող շինաշխատանքների որակի նկատմամբ և իրականացնում ենք ամենօրյա վերահսկողություն,-ասել է մարզի ղեկավարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38