Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ներկա է եղել Լեջան բնակավայրի մանկապարտեզի բացմանը

02.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի ուղեկցությամբ ապրիլի 1-ին ներկա է եղել Լոռի Բերդ խոշորացված համայնքի Լեջան բնակավայրի մանկապարտեզի բացմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, «Արփի» հասարակական կազմակերպության նախագահ Սոֆիկ Մինասյանը, Լեջան բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Մկրտչյանը, ավագանու անդամներ, ծնողներ, հյուրեր:
Գյուղական բնակավայրի մանկապարտեզն ավելի քան տասը տարի գործունեություն չէր ծավալել անբարեկարգ վիճակի և անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պատճառով, սակայն այժմ լիովին պատրաստ է իր գիրկն առնելու 20-25 երեխայի:
Այն նորոգվել է ՀՀ Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ 20 տոկոս համայնքային համաներդրմամբ:
Մանկապարտեզի ողջ գույքը՝ սեղան-աթոռներ, մահճակալներ, անկողնային պարագաներ, խաղեր, խոհանոցային գույք, հատկացվել է «Արփի» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության դրամաշնորհային ծրագրի միջոցով:
Մարզի ղեկավարն իր ողջույնի և շնորհավորանքի խոսքում կարևորել է նախադպրոցական կրթական հաստատությունների դերը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում, շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը, «Արփի» ՀԿ-ին, Գերմանիայի դեսպանությանը, համայնքին՝ նման կարևոր ծրագիր կյանքի կոչելու համար.
- Նախակրթարանը չափազանց կարևոր կրթական օղակ է: Այն երեխաներին հնարավորություն է տալիս պատրաստվելու դպրոցին, կոլեկտիվում լիարժեքորեն դրսևորվելու հնարավորություն է ընձեռում: Հատկապես գյուղական բնակավայրերի համար նախակրթարանները խիստ անհրաժեշտ են, ու պատահական չէ, որ պետության ջանքերն ուղղված են նաև այս խնդրի լուծմանը,-ասել է Արամ Ղազարյանը՝ կարևորելով նաև մանկապարտեզի շենքի և գույքի պահպանությունը, քանի որ հոգատարությունը վերջիններիս հանդեպ երեխաների մոտ դաստիարակում է պատասխանատվության զգացում սեփական համայնքի և երկրի նկատմամբ:
Արայիկ Ներսիսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, «Արփի» ՀԿ-ին, բոլոր աջակցող կառույցներին և անհատներին ծրագրի իրականացմանը նպաստելու համար:
-Ընդունված է ասել, որ զարգացած համայնք և պետություն ունենալու համար մեծ ներդրում պետք է իրականացնել կրթության և մշակույթի ոլորտներում, և մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով,-ասել է համայնքի ղեկավարը:
Սոֆիկ Մինասյանն, իր խոսքում ընդգծելով ծրագրի հաջող ընթացքը, պատրաստակամություն է հայտնել համագործակցելու այլ ողջունելի նախաձեռնությունների շրջանակներում ևս:
-Մեր կազմակերպության համար չափազանց կարևոր է եղել այս ծրագրին աջակցելը, քանի որ մենք հստակ գիտակցում ենք մանկապարտեզների մեծ դերակատարությունը երեխաների կրթության և դաստիարակության հարցում: Շնորհակալություն նաև Գերմանիայի դեսպանատանը համագործակցության համար,-ասել է նա:
Մանկապարտեզի աշխատակազմի, ծնողների և երեխաների կողմից երախտագիտության խոսք է հայտնել տնօրեն Հասմիկ Բարխուդարյանը:
Մարզի ղեկավարը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Փոքրիկները հանդես են եկել ուրախ գեղարվեստական կատարումներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38