Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհակալագրեր՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ
28.03.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ մարտի 27-ին, հյուրընկալել և շնորհակալագրեր է հանձնել Լոռու մարզի թատերական մի խումբ գործիչների:
Շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մարզպետը շնորհակալություն է հայտնել նրանց թատերարվեստի բնագավառում ներդրած ավանդի և մշակութային արժեքների պահպանման համար:
«Լոռու մարզը միշտ առանձնացել է իր տաղանդավոր դերասաններով, իր ուրույն ձեռագրով: Մշտապես ձեզ աջակից եմ լինելու, փորձելու եմ իմ լիազորությունների և հնարավորությունների սահմաններում օգնել՝ իրականություն դարձնելու թատրոնի հետ կապված ձեր ծրագրերը, մտահղացումները՝ հանուն Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության»,- ասել է Լոռու մարզպետը:
Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Լոռու մարզպետի շնորհակալագրերով են պարգևատրվել.
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ, ՀՀ ժողովրդական արտիստներ Ռոզա Մխիթարյանը, Հակոբ Ազիզյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, դերասաններ Գագիկ Դուրմիշյանը, Անի Աբրահամյանը, թատրոնի ռեկվիզիտոր Էմմա Գալստյանը, լուսային սարքավորումների ծառայության պետ Խաչիկ Միրզոյանը, Վանաձորի տիկնիկային թատրոնի տիկնիկագործ Սերյոժա Մելիքյանը, տիկնիկավար, դերասան Լիլիթ Հարությունյանը, Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, արտիստ Գրիգոր Հարությունյանը, Վանաձորի «Պոեզիայի թատրոնի» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, դերասան Ջիվան Սարգսյանը, Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Թատերական Լոռի» փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, Ակներ բնակավայրի մշակույթի տան համակարգող, վաստակաշատ դերասանուհի Ռուզաննա Կոնինյանը:
«Անմնացորդ նվիրումով, եռանդուն գործունեությամբ և հանդիսատեսի հետ չընդհատվող երկխոսությամբ դուք քարոզում եք համամարդկային արժեքներ՝ գեղեցիկն ու բարին, վեհն ու ազնիվը: Մեծ է ձեր ավանդը հայ թատերարվեստի պահպանման, զարգացման և տարածման գործում, որով մեծապես նպաստել եք թատերասեր սերունդների գեղագիտական կրթությանը, դաստիարակությանը և հոգևոր առաջընթացին: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն, ստեղծագործ մտքի բարձր թռիչքներ և լեփ-լեցուն դահլիճներ»,- ասված էր շնորհակալագրերում:
Ներկաները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար, կարևորել մարզային իշխանությունների կողմից մշակութային և ստեղծագործական ոլորտներին խրախուսելու, աջակցելու և համագործակցելու պատրաստակամությունը։
Արամ Ղազարյանի առաջարկությամբ առաջիկայում հանդիպումներ կկազմակերպվեն մշակութային գործիչների հետ՝ ըստ ոլորտների ստեղծագործական ծրագրերը, առկա խնդիրները, ինչպես նաև՝ մարզում մշակութային կյանքն առավել ակտիվացնելուն ուղղված հարցեր քննարկելու նպատակով: