Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետն աշխատանքային այցով Տաշիրում էր

27.03.2024

Արամ Ղազարյանը մարտի 26-ին աշխատանքային այցով Տաշիրի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, համայնքապետարանի աշխատակազմի և ավագանու հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արամ Ղազարյանը քննարկել է համայնքում առկա և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները, դրանց օր առաջ լուծման հնարավոր տարբերակները, անդրադարձել համայնքի զարգացման հեռանկարներին:
Մարզպետը կարևորել է համայնքների արդյունավետ աշխատանքը, Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմին և նիստին ներկա ավագանու անդամներին հորդորել է գործել սրտացավ, աշխատանքում լինել հետևողական, պետական միջոցներով համայնքում իրականացվող ծրագրերն իրագործել մեծ պատասխանատվությամբ:
Խորհրդակցության ընթացքում ներկաները հարցեր են բարձրացրել Տաշիր-Մեծավան ճանապարհի, տանիքների նորոգման, ինքնակամ կառույցների օրինականացման և այլ հարցերի վերաբերյալ:
Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը մարզպետին մասնավորապես ներկայացրել է, որ Տաշիր-Մեծավան ճանապարհի նորոգման աշխատանքները նախագծանախահաշվային փուլում են: Ներկայացվել է նաև համայնքի՝ քամուց վնասված տանիքների փոխհատուցման խնդիրը: Մարզպետը նշել է, որ իր լիազորությունների սահմանում հետամուտ կլինի խնդիրների լուծմանը:
Արամ Ղազարյանը կարևորել է նման հանդիպումները, կառուցողական քննարկումները:
Մարզպետը համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Մեծավան բնակավայր, հետևել 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով 3871 քմ տուֆ քարի սալարկումով իրականացվող ճանապարհի բարեկարգման շինաշխատանքներին: Ծրագրով նախատեսված են նաև ջրահեռացման և եզրաքարերի կառուցման աշխատանքներ:
Մարզպետը հորդորել է աշխատանքներն իրականացնել բարձր որակով, նախատեսված ժամկետներում և հանձնարարել է շտկել բոլոր թերությունները :
2023 թվականին պետություն-համայնք գործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով Տաշիր համայնքում կատարվում են նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման, ճանապարհների տուֆապատման, ջրամատակարարման, լուսավորության և գազաֆիկացման աշխատանքներ:
Մարզպետը հանդիպել է նաև Մեծավան բնակավայրի աշխատակազմի հետ, քննարկել առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները, առաջարկել՝ հանդես գալ զարգացման վերաբերյալ առաջարկություններով:
Հարցեր են բարձրացվել խմելու ջրագծերի, էլեկտրաէներգիայի ցանցի նորացման, թափառող կենդանիների, գյուղատնտեսության զարգացման, գարնանացան ցորենի ձեռքբերման և այլ խնդիրների վերաբերյալ:
Տաշիրի համայնքապետը նշել է, որ այդ հարցերն իր ուշադրության կենտրոնում են և փուլառփուլ լուծում կստանան:
Մարզի ղեկավարը նրանց է ներկայացրել «Բուսաբուծության աջակցության պետական ծրագիրը» և նշել, որ ծրագրով խթանվում է գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը, հորդորել է օգտվել հնարավորությունից:
Մարզպետն այսօր՝ այցի շրջանակում, Տաշիրի Անի թաղամասում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող շենքերի տանիքների վերանորոգման, շքամուտքերի մասնակի նորոգման և ջերմամեկուսացման աշխատանքներին:
Կարևորելով կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունը, պետական և համայնքային բյուջեի նպատակային ծախսումը՝ Արամ Ղազարյանն, այստեղ ևս, ընդգծել է աշխատանքների որակով իրականացման անհրաժեշտությունը։
Շրջայցից հետո Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Տաշիր համայնքում քաղաքացիների ընդունելություն է անցկացրել:
Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարին է դիմել ավելի քան 30 քաղաքացի Տաշիր, Մեծավան, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Արծնի, Ձորամուտ, Ձյունաշող, Կաթնառատ, Դաշտադեմ, Նորաշեն, Մեդովկա բնակավայրերից:
Բնակիչները հարցեր են բարձրացրել միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների սպասարկման և վերանորոգման, հանրային տրանսպորտի բարելավման, ջրագծերի, ջրխմոցների, տանիքների նորոգման, հողահատկացման, սոցիալական աջակցության, բժշկական օգնության տրամադրման վերաբերյալ և այլն:
Ընդունելությանը մարզպետին իրենց խնդիրներն են ներկայացրել նաև Տաշիրի Լեռնահովիտ բնակավայրում ապրող, ԼՂ-ից բռնի տեղահանված մի քանի ընտանիքներ՝ ներկայացնելով գյուղատնտեսությամբ զբաղվելու և սեփական գործ հիմնելու իրենց ծրագրերը: Մարզի ղեկավարը, ողջունելով նախաձեռնությունը, պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմանում աջակցելու:
Լոռու մարզպետը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է բարձրացված խնդիրների հետ կապված կատարել ուսումնասիրություններ և քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, ներկայացնել պարզաբանումներ: Որոշ հարցեր տեղում լուծում են ստացել, մի շարք խնդիրների վերաբերյալ տրվել է մասնագիտական խորհրդատվություն:
Արամ Ղազարյանի կողմից նման այցերը համայնքներ և հանդիպումները քաղաքացիների հետ պարբերական բնույթ կկրեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38