Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

22.03.2024

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել․ երկարացվել է նաև ծրագրի գործողության ժամկետը՝ սահմանվելով մինչև 2026 թվականը։
Այսպիսով, ծրագիրն այսուհետ կիրականացվի հետևյալ պայմաններով՝
• առաջին բաղադրիչի շրջանակում՝ քաղաքացիներին միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով,
• երկրորդ բաղադրիչի շրջանակում՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։
Առաջին բաղադրիչ
Առաջին բաղադրիչի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում շահառուին՝ մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։
Միանվագ դրամական աջակցության չափը ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսն է, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։
Աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է։ Եթե շահառուն հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույքը ձեռք է բերում կամ անհատական բնակելի տունը կառուցում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով։
Բաղադրիչից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝
• շահառուն ՀՀ քաղաքացի է և վարկառուն է,
• ունի առնվազն 2 անչափահաս երեխա,
• բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո,
• ձեռք բերվող անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերվող անշարժ գույքի գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ է, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
• կանխավճարի նվազագույն չափը (առանց ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության)՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 տոկոսն է և առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 7,5 տոկոսը,
• ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի, նրա ամուսնու (եթե առկա է գրանցված ամուսնություն) անունով,
• ձեռք բերվող կամ կառուցվող բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը։
Ծրագրի շահառու դառնալու համար համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն․ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։
Երկրորդ բաղադրիչ
Երկրորդ բաղադրիչի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝
• վարկի մնացորդային մայր գումարի 10% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5% չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), եթե դա շահառուի առաջին կամ երկրորդ երեխան է,
• վարկի մնացորդային մայր գումարի 50% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25% չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), եթե դա շահառուի երրորդ և հաջորդ երեխան է,
• եթե բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվել կամ անհատական բնակելի տունը կառուցվել/կառուցվում է սահմանամերձ բնակավայրում կամ այն գյուղական բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ կամ մանկապարտեզներ, ապա աջակցությունն ավելացվում է 50 տոկոսով,
• միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։
Բաղադրիչից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝
• շահառուն ՀՀ քաղաքացի է և վարկառուն է,
• շահառուն ծրագրում ընդգրկվելու համար դիմում է մինչև երեխայի 1 տարին լրանալը (ներառյալ),
• ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի ձեռքբերման գինը, ձեռք բերված անշարժ գույքի կամ կառուցված (ավարտական ակտի առկայության դեպքում) անշարժ գույքի գնահատված շուկայական գինը, կամ կառուցվող անշարժ գույքի (կառուցապատման վարկի դեպքում) նախահաշվային գինը՝ առավելագույնը 35 մլն դրամ, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով,
• ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքը հանդիսանում է շահառուին, գրանցված ամուսնության առկայության դեպքում նաև նրա ամուսնուն անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող միակ բնակելի անշարժ գույքը,
• դիմելու օրվա դրությամբ շահառուն առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը:
Բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։ Եթե կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա շահառուին տեղեկանք չի տրամադրվում և նա նախարարություն չի դիմում, իսկ շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները նախարարությանն է տրամադրում կազմակերպությունը՝ էլեկտրոնային եղանակով։
Եթե տվյալ կազմակերպության հետ պայմանագիր առկա չէ, շահառուին տրամադրում է տեղեկանք, որը նա այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Եթե ֆինանսական կազմակերպությունը պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, հանրային ծառայությունների համարանիշը։
Եթե կազմակերպության հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, ՀԾՀ, ֆինանսական կազմակերպության տեղեկանք, վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք, անշարժ գույքի սեփականության վկայական, գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-12 17:30:44