Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում հանդիպեց երիտասարդների հետ

21.03.2024

Մարտի 20-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Վանաձորի «Լոֆթ» կենտրոնում հանդիպում ունեցավ մարզի մի խումբ երիտասարդների հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի «Լոֆթ» կենտրոնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով երիտասարդներին հնարավորություն ընձեռել մարզի ղեկավարի հետ քննարկելու իրենց մտահոգող հարցերը, խնդիրները, հանդես գալու իրենց համայնքների զարգացմանն ուղղված առաջարկներով:
Հանդիպման մոդերատորն էր «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը: Իր ողջույնի խոսքում Ա․ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Արամ Ղազարյանին երիտասարդների հետ հանդիպման պատրաստակամության համար և նշեց, որ մեծ պատիվ է Վանաձորի «Լոֆթում» հյուրընկալել Լոռու մարզպետին:
Մարզի ղեկավարը նույնպես շնորհակալություն հայտնեց նման հնարավորության համար.
-Որպես մարզպետ՝ իմ նպատակը Լոռու մարզը ճանաչելի, գրավիչ դարձնելն է թե՛ մեր հայրենակիցների, թե՛ նրանց համար, ովքեր ապրում են մեր երկրի սահմաններից դուրս։ Այս առումով կարևորում եմ տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև երիտասարդների հետ հանդիպումները, կարծիքներն ու դիտարկումները ոլորտային խնդիրների վերաբերյալ։ Նախաձեռնություն առաջացավ հանդիպելու ձեզ հետ և չեմ թաքցնի, որ դստերս մտահղացումն էր հանդիպումը կազմակերպել հենց «Լոֆթում»: Շնորհակալություն ձեզ, սիրելի ներկաներ, մասնակցության համար: Մեր հաջողության գրավականը նաև խնդիրների մասին ազնվորեն խոսելն է. արդարությունն ու ազնվությունն ինձ համար չափազանց կարևոր կատեգորիաներ են,- ասաց մարզպետ Արամ Ղազարյանը:
Երիտասարդները հնարավորություն ունեցան ոչ ֆորմալ՝ «առանց փողկապի» հանդիպման ընթացքում իրենց հարցերն ուղղելու մարզպետին և մասնակցելու քննարկմանը՝ համայնքային, երիտասարդական, կրթական, մշակութային ծրագրերին և երիտասարդների զբաղվածությանը վերաբերող հարցերի շուրջ:
Մարզպետն իր դրական վերաբերմունքն արտահայտեց ոչ ֆորմալ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ: Նա այս առումով կարևորեց առաջիկայում Վանաձորում «Թումո» կենտրոնի հիմնումը: Պատասխանելով ծրագրի իրականացման ժամկետների վերաբերյալ հարցին` մարզպետը նշեց, որ գործընթացը փաստաթղթային փուլում է, որից հետո նախաձեռնությունն արագ կյանքի կկոչվի` շղթայական ազդեցություն ունենալով ինչպես՝ ոչ ֆորմալ կրթության, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներիի զարգացման վրա: Ներկաներին հետաքրքրում էին նաև կրթության ոլորտի բարեփոխումների, կրթության որակի բարձրացման, ինչպես նաև երիտասարդների զբաղվածության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ա. Ղազարյանը նշեց, որ չափազանց կարևորում է ժամանակակից պահանջներին և առկա մարտահրավերներին համահունչ կրթության ապահովումը թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա մարզպետը նշեց, որ և՛ պետության, և՛ մասնավոր ընկերությունների կողմից բազմաթիվ հնարավորություններ են ստեղծվում, սակայն երիտասարդներն իրենք նույնպես պետք է նախաձեռնող լինեն։
Ներկաներին հետաքրքրում էր նաև՝ ո՞վ է դերկատարություն ունեցել մարզի ղեկավարի մասնագիտության ընտրության հարցում: Մարզպետը անկեղծորեն պատասխանեց, որ առաջին մասնագիտությունը, հանգամանքների բերումով, ընտրել է ծնողների հորդորով և արդեն հետագայում կյանքի կոչել դպրոցական տարիների իր երազանքը և ստացել իրավագետի մասնագիտություն:
Մարզի ղեկավարին ուղղեցին նաև հարցեր, Վանաձորի տրանսպորատային երթուղիների սպասարկման, աղբահանության, թափառող շների, գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ:
Տրանսպորտային երթուղիների վերաբերյալ հարցին իր պատասխան՝ մարզի ղեկավարն ասաց, որ ներկայում ՀՀ կառավարությունում քննարկվում է տրանսպարտային միասնական օպերատորի կամ գոտիավորված փնջերով երթուղային ցանցեր ձևավորելու նպատակահարմարությունը: Նաև նշեց, որ համայնքային մյուս խնդիրները ևս՝ ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրերի շրջանակներում՝ առաջիկայում ևս լուծում կստանան։ Գյուղատնտեսության ոլորտին անդրադառնալով՝ մարզպետը նշեց, որ շրջանառության մեջ պետական աջակցության մի շարք ծրագրեր կան, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը:
Երիտասարդներին հետաքրքրում էր. ո՞րն է ամենասկզբունքային հարցը մարզի ղեկավարի համար և ի՞նչը երբևէ չի կարող ներել.
-Առաջնահերթ խնդիր եմ դրել իմ առջև թե՛ պետական, թե՛ մասնավոր ներդրումներ ներգրավել դեպի մարզ, խթանել արտադրությունը, արդյունաբերությունը: Աշխատանքի մեջ կարևորում եմ կադրային ճիշտ քաղաքականությունը: Ինձ համար կարևոր է, որ պաշտոնյան լինի բանիմաց և օժտված լինի մարդկային բարձր հատկանիշներով: Երբեք չեմ ներում դավաճանությունը,- հարցին պատասխանեց Ա. Ղազարյանը:
Մարզի ղեկավարը նույնպես հարց ուղղեց դահլիճին՝ ըստ ներկաների՝ ի՞նչ է հայրենասիրությունը և լսելով տարբեր պատասխաններ՝ ներկայացրեց հարցի իր պատասխանը.
-Կխնդրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շատ սիրեք։ Եվ սիրեք ոչ թե խոսքերով, այլ գործով։ Հայրենասերը, յուրաքանչյուր մասնագիտության տեր այն մարդն է, ով իր աշխատանքը կատարում է նվիրումով ու պատասխանատվությամբ և իր գործունեությամբ նպաստում է իր երկրի զարգացմանը: Խնդրում եմ լա՛վ սովորեք, որովհետև մեր երկրի ապագան ձեր ձեռքերում է,- ասաց մարզպետը։
Նա շնորհակալություն հայտնեց Արևիկ Համբարձումյանին, «Լոֆթի» աշխատակազմին հանդիպումը կազմակերպելու և նման հնարավորության համար։ Մարզպետը նշեց, որ այս հանդիպումը հիմք կհանդիսանա գործընկերային և բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցելու և աջակցելու ցանկացած ողջունելի նախաձեռնության:
Ամփոփելով հանդիպումը՝ Արևիկ Համբարձումյանն ասաց, որ միջոցառման շրջանակում մեկնարկել է նաև «Մեկ օր մարզպետի հետ» ծրագիրը: Այն երիտասարդներն, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու «Մեկ օր մարզպետի հետ» ծրագրին, պետք է ուղարկեն համայնքների զարգացման վերաբերյալ իրենց տեսլականի նկարագրությունը:
Լավագույն գաղափարների հեղինակները կընդգրկվեն ծրագրում և մեկ աշխատանքային օր կանցկացնեն մարզպետի հետ՝ ծանոթանալով մարզի կառավարման գործընթացին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման հանդիպումները դարձնել պարբերական:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18