Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

19.03.2024

Մարտի 18-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրմանը: Ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանի ներկայացմամբ՝ եռամսյակային պլանի դիմաց կատարողականը մարտի 18-ի դրությամբ 58.8 տոկոս է: Մարզպետ Արամ Ղազարյանը կարևորել է ամենօրյա հետևողական աշխատանքի իրականացումը՝ կատարողականը 100 տոկոսի հասցնելու նպատակով:
Մարզի ղեկավարին է ներկայացվել դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի ընթացքը: Մինչ այժմ, օլիմպիադա է անցկացվել 9 առարկայից, և մարզն այս պահի դրությամբ արդեն ունի 43 մրցանակակիր (1-ին կարգի դիպլոմ՝ 6, երկորդ՝ 3, երրորդ՝ 15, գովասանագիր՝ 19): Հանրապետական փուլը կշարունակվի մինչև ապրիլի 30-ը:
Հաշվի առնելով այն, որ մարզային ենթակայության դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության ժամկետները լրանում են և նոր խորհուրդներ պետք է ձևավորվեն, մարզպետն ընդգծել է խորհուրդների աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևորությունը.
-Դպրոցական խորհուրդները պետք է լիարժեքորեն կատարեն իրենց վերապահված լիազորությունները: Նրանք պարտավոր են պաշտպանել դպրոցների շահերը և միևնույն ժամանակ պահանջատեր լինել առկա խնդիրների լուծման ուղղությամբ,-ասել է մարզի ղեկավարը:
Ա. Ղազարյանին զեկուցվել է նաև «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սեղանի թենիսի սիրողական մրցաշարի և 1-3, 4-6-րդ դասարանցիների «Սպորտլանդիա» մարզական միջոցառման տարածաշրջանային փուլերի անցկացման ընթացքի մասին:
Անդրադարձ է կատարվել կապիտալ և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքների ընթացքին: Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը զեկուցել է մարզում ընթացող շինաշխատանքների նկատմամբ իրականացվող մշտադիտարկման արդյունքների և արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նա հայտնել է, որ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ մարզում իրականացված և շահագործման փուլում գտնվող դպրոցների և մարզադահլիճների կառուցման թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները հիմնականում ավարտված են: Մարզի ղեկավարը հանձնարարել է վեր հանել նաև սահմանված ժամկետներից ուշացումներով ընթացող շինաշխատանքների պատճառները: Վարչության պետը տեղեկացրել է, որ 2024թ.-ի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 62 սուբենցիոն հայտ, որոնք հաստատման փուլում են:
Մարզի ղեկավարին է ներկայացվել նաև գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի ընթացքը: Մասնավորապես զեկուցվել է, որ բուսաբուծության աջակցության ծրագիրը, որն իրականացվելու է 2024թ.-ին, ըստ մարզերի կխթանի գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի հավաստագրված սերմերով մշակության իրականացումը։ Կփոխհատուցվի մինչև 100 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վրա՝ հացահատիկային (գարնանացան ցորեն, գարնանացան գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների (վարի, ցանքի, բերքահավաքի) և սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցման սահմանաչափերն են՝ հացահատիկային մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, եգիպտացորենի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության 1 հա մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի 1 հա մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։ Ծրագրից օգտվել ցանկացող քաղաքացիները պետք է դիմեն համայնքապետարաններ կամ բնակավայրերի վարչական կենտրոններ: Մարզպետն այս առումով կարևորել է հանրության շրջանում լայնամասշտաբ իրազեկման անհրաժեշտությունը:
-Արտագնա խորհրդակցությունների ընթացքում հանրությանը հանգամանորեն պետք է իրազեկել գյուղատնտեսական աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ և տրամադրել նաև մասնագիտական խորհրդատվություն,-ասել է մարզպետը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում՝ նրանց կողմից բարձրաձայնված խնդիրների ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Մարզի ղեկավարը հանձնարարել է հանդիպումների ընթացքում քաղաքացիներին հանգամանորեն իրազեկել պետպատվերի շրջանակներում առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունների մասին ևս: Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վաչության պետ Ռուզաննա Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակվող քաղաքացիները հաշվառված են համաբուժարաններում և նրանց բուժսպասարկումը լիարժեքորեն իրականացվում է պետպատվերի շրջանակներում:
Մարզպետը կարևորել է բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:57:18