Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատություններում արևային վահանակներ կտեղադրվեն

15.03.2024

ՀՀ Լոռու մարզի կրթական, առողջապահական և մշակութային թվով 10 հաստատությունների, Լիտվական «Սոլետ» ՍՊԸ-ի և հայկական «ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում էներգաարդյունավետության ծրագրեր կիրականացվեն: Արևային վահանակներ կտեղադրվեն Թեղուտի միջնակարգ, Սարալանջի, Սպիտակի թիվ 5, Վանաձորի թիվ 2, Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցներում,Վանաձորի թիվ 3, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկաներում, Ջրաշենի ամբուլատորիայում, «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում», Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցում:
Մարտի 15-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց համաձայնագրերի կնքման հանդիսավոր արարողությունը շահառու կազմակերպությունների և պատասխանատու ընկերությունների միջև:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռևս 2022թ.-ին՝ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի՝ Լոռու մարզպետարան այցի և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների հետ համատեղ քննարկման արդյունքում:
Ծրագիրն իրականացվում է Լիտվայի կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում: Շահառու կազմակերպությունները 10 տոկոսի չափով համաներդրում կիրականացնեն:
Հ. Ավետիսյանը մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն հայտնեց Լիտվայի կառավարությանը, Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանատանը նման ծրագիր մարզում իրականացնելու համար և նշեց, որ պայմանավորվածություն կա առաջիկայում ընդլայնելու համագործակցության շրջանակները և նոր համատեղ ծրագրեր իրականացնելու:
Ծրագրի շահառու կազմակերպությունների ղեկավարներն իրենց հերթին նույնպես շնորհակալություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի դեսպանատանը, Լոռու մարզպետարանին՝ նման հնարավորություն ընձեռելու համար և նշեցին, որ ծրագրի արդյունքում էլեկտրաէներիգիայի զգալի խնայողություններ կունենան և տնտեսված միջոցները կկարողանան ծառայեցնել իրենց կազմակերպությունների զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17