Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված Լոռու մարզում բնակվող անձանց հետ

13.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։
Մարտի 12-ին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը և Հովհաննես Ավետիսյանը հանդիպել են Լոռի Բերդ և Սպիտակ համայնքներում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Հանդիպումներին ներկա են եղել նաև համայնքապետարանների պատասխանատուները և Միասնական սոցիալական ծառայությունների մասնագետները։
Մարզպետի տեղակալների և ՄՍԾ մասնագետների կողմից ներկայացվել են ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ իրականացված, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերն՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Մանրամասն անդրադարձ է կատարվել ծրագրերից օգտվելու կարգին, համապատասխան պետական կառույցներ դիմելու ընթացակարգին և առաջնային կարիքների դեպքում քայլերի հերթականությանը։ Նշվել է նաև, որ արդեն քննարկումներ են ընթանում բնակարանային և սոցիալական ապահովության երկարաժամկետ ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ։
Ներկայացվել է, որ տեղահանված ընտանիքների կարիքները գնահատելու, իրականացվող ծրագրերը ներկայացնելու համար Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից պարբերաբար իրականացվում են տնայցեր և Միասնական սոցիալական ծառայությունների հետ տարվում են աշխատանքներ՝ կարիքների բավարարման ուղղությամբ։
-Մենք համատեղ և միասնական ջանքերով անում ենք հնարավորը օր առաջ լուծելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների առջև ծառացած խնդիրները,- նշել է Հ․ Ավետիսյանը։
Հանդիպման ընթացքում ներկա քաղաքացիները բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին զբաղվածության, բնակապահովման ծրագրերին, պետության կողմից տրվող կենսաթոշակների տրամադրման ընթացակարգին, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի պայմաններին և բազմաբնույթ այլ խնդիրների։
Տեղում պատասխանատուների կողմից բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ։
- Բարձրացված խնդիրները կքննարկենք նաև Լոռու մարզպետի հետ և մեր հնարավորությունների սահմաններում լուծումներ կգտնենք` ի շահ մեր հայրենակիցների,- վստահեցրել է Գոռ Ասրյանը։
Ներկաները շնորհակալություն են հայտնել մարզպետի աշխատակազմին, համայնքապետարանների և ՄՍԾ-ների աշխատակակիցներին՝ այս ամիսների ընթացքում ցուցաբերած աջակցության, սրտացավ վերաբերմունքի համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27