Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակին

12.03.2024

Մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 13-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Յուտակա Աոկին, ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, փրկարարներ, քաղաքացիներ:
Աղետին զոհ գնացած անմեղ քաղաքացիների հոգիների հանգստության համար աղոթք հնչեցրեց և հիշատակի խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդը: Նա մաղթեց, որ այլևս երբեք չկրկնվեն նման արհավիրքները.
- Մարտի 11-ին, ավանդույթի համաձայն, այստեղ ենք հավաքվել վերհիշելու այն մեծ ողբերգությունը, որը տեղի ունեցավ մեր բարեկամ Ճապոնիայում: Այդ արհավիրքը մենք էլ ենք տեսել և մեր բարի մաղթանքն է առ Աստված, որ հեռու պահի նման փորձությունից ոչ միայն Հայաստանն, այլև բովանդակ աշխարհը: Աստված թող լույս իջեցնի անմեղ զոհերի շիրիմներին,-ասաց Գուգարաց թեմի առաջնորդը:
Մարզպետ Արամ Ղազարյանն իր ցավակցությունը հայտնեց Ճապոնիայի ժողովրդին.
-Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 13-րդ տարելիցի օրը, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում աղետին զոհ գնացած անմեղ քաղաքացիների հիշատակի առջև: Ցավոք, այս առումով մենք, կարելի է ասել նաև՝ բախտակից ժողովուրդներ ենք, ուստի պատահական չէ, որ 1988թ.-ի աղետալի երկրաշարժի ու Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի հիշատակի խաչքարերը տեղադրված են կողք կողքի, հենց Սպիտակ քաղաքում: Մենք լիովին կիսում ենք Ճապոնիայի ժողովրդի ցավը: Կորստի վիշտն անամոքելի է, անգամ տասնամյակներ անց, հատկապես նրանց համար, ովքեր կորցրել են իրենց զավակներին, ծնողներին, սիրելիներին ու հարազատներին: Ճիշտ է՝ բնության դեմ մարդն անզոր է, սակայն մեր կարեկցանքը հայտնելով, միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ պետք է անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի նման արհավիրքների դեպքում կարողանանք դուրս գալ նվազագույն կորուստներով, իսկ դրա համար պետք է ճիշտ դիմակայել աղետներին և լինել պաշտպանված: Պատահական չէ, որ, որպես բարեկամ երկիր, Ճապոնիան մշտապես Հայաստանի կողքին է եղել. աղետների ռիսկերի նվազեցման ու դրանց արագ արձագանքման ծրագրերում մեր կարևոր գործընկերներից է, ինչի համար ևս մեկ անգամ մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում,-ասաց մարզի ղեկավարը:
Նա իր խոսքում նաև ասաց, որ Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի: Ճապոնիան մշտապես եղել է Հայաստանի Հանրապետության կողքին ու նման հարգանքի միջոցառումները հերթական անգամ այդ մասին են վկայում:
Դեսպան Աոկին ցավակցեց Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժին և ցունամիին զոհ գնացած անձանց հարազատներին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանարապետության կառավարությանը, մարզային և համայնքային իշխանություններին, Հայ առաքելական եկեղեցուն Ճապոնիայի ժողովրդին ցուցաբերված մեծ աջակցության համար:
- Ճապոնիան երբեք չի մոռանա այն օգնությունը, որը ցուցաբերվել է Հայաստանի կողմից, մի երկրի, որը նույնպես վերապրել է նման արհավիրք 1988թ.-ին: Մենք գիտենք, որ բնության դեմ մարդն անզոր է, ուստի փորձում ենք կառավարել աղետները և այդ հարցում ակտիվորեն համագործակցում ենք նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ,-իր խոսքում մասնավորապես նշեց դեսպանը՝ բարձր գնահատելով Սպիտակ համայնքում անցկացվող հիշատակի ամենամյա միջոցառումը։
Ցավակցական խոսք ասաց նաև Սերոբ Գաբրիելյանը՝ ընդգծելով Ճապոնիայի կառավարության մեծ աջակցությունը մարզի փրկարարական ծառայության կատարելագործման հարցում, իրականացվող համագործակցային ծրագրերը:
Ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի, ինչպես նաև 1988թ.-ի Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38