Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի բժշկական կնետրոնում բացվեց գաստրոկոլոնոսկոպիայի կաբինետ

11.03.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիզոր դեսպան, նորին գերազանցություն Յուտակա Աոկին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, այլ պաշտոնատար անձինք և ոլորտի պատասխանատուներ մարտի 11-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի գաստրոկոլոնոսկոպիայի կաբինետի բացմանը:
Կաբինետի գործունեության համար նախատեսված բժշկական կարևորագույն սարքավորումները՝ ժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպիկ սարքավորումների լրակազմը, հնարավոր է եղել ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում, «Սպիտակի Ֆերմեր» հասարակական կազմակերպության և Ճապոնիայի դեսպանատան միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի արդյունքում: Այն «Պենտաքս» ֆիրմայի 2023թ.արտադրության վերջին սերնդի եզակի բժշկական սարքավորում է ոչ միայն Լոռու մարզում, այլև հանրապետությունում և հնարավորություն է տալիս իրականացնելու ինչպես գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, այնպես էլ՝ բրոնխոսկոպիա: Նորագույն սարքավորումները ուռուցքային, այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքի վաղ հայտնաբերման գերժամանակակից հետազոտության հնարավորություն են ընձեռում:
Բացման խոսքով հանդես է եկել Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը: Նա ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարության, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից բժշկական ժամանակակից սարքավորումների տրամադրումը Սպիտակի բժշկական կենտրոնին՝ հումանիզմի հերթական դրսևորումներից է: Տնօրենն իր շնորհակալությունն է հայտնել նաև ՀՀ առողջապահության նախարարությանն ու Լոռու մարզպետի աշխատակազմին՝ նմանատիպ ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:
Մարզպետ Արամ Ղազարյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Սպիտակի բժշկական կենտրոնում կենսական նշանակության բժշկական ծառայության ներդրումը.
- Մարզի այն բուժառուները, որոնք կարիք են ունեցել հետազոտությունների, ուղեգրվել են մայրաքաղաքային բժշկական հաստատություններ, մինչդեռ նորագույն սարքավորումներն այսուհետ թույլ կտան ժամանակին և ճշգրիտ ախտորոշելու ուռուցքային հիվանդությունները, ինչի արդյունքում կունենանք բազմաթիվ փրկված կյանքեր: Կաբինետը նորոգվել է Սպիտակի բժշկական կենտրոնի ջանքերով, վերապատրաստվել են համապատասխան մասնագետներ, ինչը նշանակում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը լիարժեքորեն պատաստ է շատ կարևոր հետազոտությունների իրականացմանը,- ասել է մարզպետը:
Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատանը՝ մարզում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ մարզի առողջապահության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետևողական և հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև ծրագրի կյանքի կոչմանն աջակցող բոլոր կազմակերպություններին և դերակատարներին:
Արմեն Գասպարյանը ներկաներին է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի ողջույնի և շնորհավորանքի խոսքը և վստահություն հայտնել, որ գաստրոկոլոնոսկոպիայի ժամանակակից կաբինետն արդյունավետորեն կծառայի իր նպատակին:
Դեսպան Աոկին շնորհավորել է Սպիտակի բժշկական կենտրոնին և կենտրոնի ծառայություններից օգտվող բուժառուներին նման հնարավորության համար.
-Բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցումը փոքր համայնքներում մեծ նշանակություն ունի տեղի բնակչության համար՝ հասանելիության մատչելիության տեսանկյունից: Սա մեզ համար ևս մեծ կարևորության ծրագիր է Հայաստանի Հանրապետությունում,-ասել է դեսպանը:
Բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ ներկաները եղել են նորաբաց գաստրոկոլոնոսկոպիայի կաբինետում, ծանոթացել սարքավորման հնարավորություններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27