Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

07.03.2024

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարտի 6֊ին հերթական հանդիպումներն է ունեցել Վանաձորում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ: Հանդիպումները կայացել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագրի իրազեկման արշավի շրջանակներում, մասնակցել են նաև համայնքային պատասխանատու կառույցների ներկայացուցիչները:
- Մենք շնորհակալ ենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Վանաձոր և Տաշիր համայնքներում բնակություն հաստատած ԼՂ-ից տեղահանված պարենային անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար: Ծրագիրը մեծ հնարավորություն է՝ օգնելու անապահով ընտանիքներին լուծելու իրենց ընտանիքների պարենի հրատապ կարիքները, - ասել է մարզպետի տեղակալը:
«Հրատապ աջակցություն տեղահանված անձանց Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը, իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` համագործակցելով Վորլդ Վիժն Հայաստանի հետ, ծրագրի շահառուներն ընտրվել են տվյալ կազմակերպությունների կողմից:
Հանդիպման ընթացքում Հովհաննես Ավետիսյանը հետաքրքրվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներով, կարիքներով: Ներկայացրել է պետական սոցիալական աջակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը, այդ ծրագրերում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները և լրացումները, որոնք նախատեսված են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության համար:
- Լոռու մարզպետի աշխատակազմը մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ և յուրաքանչյուր պատասխանատու կառույց իր ամենօրյա աշխատանքով պատրաստ է օժանդակել և սեղմ ժամկետներում լուծումներ գտնել մեր հայրենակիցների խնդիրների համար: Վստահ եղեք, որ ոչ մի դիմում, ոչ մի բողոք անտեսված չէ,- ասել է Հովհաննես Ավետիսյանը:
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որտեղ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերվել են ՄՍԾ Վանաձորի տարածքային կենտրոնի և Վանաձորի համայնքապետարանի գործառույթներին։ Հատուկ ուշադրություն պահանջող խնդիրները մարզպետի տեղակալը գրանցել է անձամբ և խոստացել հետևողական լինել դրանց լուծման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27