Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը

06.03.2024

Մարտի 5-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ հրավիրվել էր մարզխորհրդի նիստ, որին ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզխորհրդի անդամները, իրավապահ մարմինների, հանրապետական գործադիր մարմինների, մարզային ծառայությունների ղեկավարները, ներկայացուցիչները, հրավիրյալներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Ա. Ղազարյանը ներկայացրեց նիստի օրակարգային հարցերը: Նիստը մեկնարկեց ՀՀ օրհներգով:
Մարզի ղեկավարն, առիթն օգտագործելով, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ևս մեկ անգամ շնորհավորեց Հովնան սրբազանին և հանձնեց շնորհավորագիր, որտեղ մասնավորապես նշված էր.
«Դուք՝ Ձեր կերպարով, անսպառ նվիրումով հույս, հավատ և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը: Անուրանալի է Ձեր մեծ ներդրումը Լոռու մարզում հոգևոր մշակույթի զարգացման գործում: Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ մարզում բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում, որոնք օգնում են մեր ժողովրդի մեջ հույս և հավատ սերմանելուն:Գնահատելի և տեսանելի են Ձեր ջանքերն՝ ուղղված հավատքի և հայրենասիրության ամրապնդմանը, հանրության մեջ հանդուրժողականություն սերմանելուն»:
Իր օրհնության խոսքը ներկաներից հղեց և շնորհավորանքի համար շնորհակալություն հայտնեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հանդես եկավ Լոռու մարզպետի 2023թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ:
Մարզպետը ոլորտառոլորտ անդրադարձավ կատարված աշխատանքներին՝ նշելով, որ ընթացիկ տարում անելիքները, իրականացվելքի ծրագրերը բավականին շատ են, ուստի ջանքները պետք է կրկնապատկվեն:
Ա. Ղազարյանը նշեց, որ 2023 թվականին Լոռու մարզպետի աշխատակազմին պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացնել է 13 մլդ. 313,8 մլն. դրամ, փաստացի ծախսվել է 13 մլդ.163,6 մլն. դրամ, կամ տարբերությունը կազմել է 150.2 մլն. դրամ (98.9%):

Մարզպետը ներկայացրեց մարզի համայնքների բյուջեներով 2023թ. կտրվածքով նախատեսված եկամուտները, մասնավորապես նշելով, որ վարչական բյուջեի եկամուտները և պաշտոնական տրանսֆերտները փաստացի կազմել են 11 մլդ 230.4 մլն. դրամ, այդ թվում սեփական եկամուտները` 4 մլդ 285.3 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի եկամուտները փաստացի կազմել են 3 մլրդ 810.3 մլն դրամ: Նա ասաց, որ վարչական բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 99.8%-ով` նախորդ տարվա 150.2%-ի դիմաց (2022թ. Վանաձոր համայնքի պլանային ցուցանիշներ ներառված չեն եղել): Իսկ ֆոնդային բյուջեի եկամուտների պլանը մարզում կատարվել է 45.7%-ով` նախորդ տարվա 70%-ի դիմաց:Համայնքների սեփական եկամուտները 2023թ. կտրվածքով կազմել է 4 մլդ. 285.3 մլն դրամ, 2022թ. կտրվածքով կազմել է 3 մլդ. 135.3 մլն դրամի դիմաց, կամ եկամուտների ինդեքսի աճը 2023թ-ի նկատմամբ կազմել է 136.7%, բացարձակ աճը 2022թ.-ի նկատմամբ` 1 մլդ. 150 մլն. դրամ: Մարզի ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ 2023թ. պետական բյուջեից համայնքներին հատկացվել է փոխհատուցում՝ «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ. պետական աջակցության ծրագրի» շրջանակներում՝ 649.6 մլն. դրամ, որը ներառվել է սեփական եկամուտների հանրագումարում:
Խոսելով համայնքների սեփական եկամուտների կատարողականների մասին՝ մարզպետը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում թվով 5 համայնք ապահովել է 100 տոկոսից բարձր կատարողական՝ Սպիտակ համայնքը(106.1%), Տաշիր(105.1%), Լերմոնտովո(105.1%), Լոռի Բերդ(104.6%), Վանաձոր(102%), 5 համայնք ապահովել է 80-100 տոկոս կատարողական՝ Թումանյան(98.6%), Գյուլագարակ(97.1%), Ալավերդի(91.3%), Փամբակ(90.4%), Ստեփանավան(89.9%) և միայն Ֆիոլետովո համայնքը՝ 79.9%:
-Հորդորում եմ բոլոր համայնքներին այսուհետ միջոցներ ձեռնարկել բոլոր պլանային ցուցանիշները 100 տոկոսով ապահովելու համար՝ խուսափելով արհեստականորեն պլանային ցուցանիշների նվազեցումից,-ասաց Արամ Ղազարյանը:
Ինչպես ներկայացվեց, 2023թ. անշարժ գույքի հարկի 439․3 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 407 մլն դրամ, կամ 92.6%, 2022թ.-ին հավաքագրված 344.8 մլն. դրամի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 118% կամ փաստացի մուտքերից ավելի է հավաքագրվել 62.2 մլն. դրամով:
Փոխադրամիջոցների գույքահարկի գծով 2023թ. համար նախատեսվել է 1 մլդ. 630․9 մլն դրամ, փաստացի կատարումը կազմել է 1մլդ. 652․1 մլն. դրամ, կամ կատարողականը կազմել է 101․3%։ 2022թ.-ի համեմատությամբ հավաքագրումը կազմել է 119․1% կամ ավելի է հավաքագրվել 265․8 մլն. դրամ:
Մարզի ղեկավարը ներկաների առանձնահատուկ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք Լոռու մարզին հատկացվել է 9 մլդ. 802.2 մլն դրամ դոտացիա: Այսինքն՝ 2023թ․ տրամադրված ֆինանսական համահարթեցման դոտացիայի չափը 2022թ. համեմատ աճել է 505.1 մլն դրամով, կամ 8%-ով:
2024թ․ նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիայի չափը 2023թ. համեմատ աճել է 2 մլդ 958.5 մլն դրամի չափով կամ 43.2%-ով:
Արամ Ղազարյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները եղել են ամենօրյա ուշադրության կենտրոնում: 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մարզում բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1677 ընտանիք և 6330 անձ։ 2024 թվականի մարտի 1-ի դրությամբ մարզում բնակվում է ԼՂ –ից բռնի տեղահանված 1663 ընտանիք՝ 6075 անձ։
Նրանց աջակցություն ցուցաբերելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմին կառավարության 4 որոշումներով հատկացվել է 400 մլն դրամ, փաստացի ծախսը կազմել է մոտ 340.6 մլն, որից 30.2 մլն դրամը՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման նպատակով՝ առանձին կացարաններում տեղավորված հայրենակիցների համար, 5.3 մլն-ը՝ անկողնային պարագաների ձեռքբերման և ըստ բնակավայրերի բաշխման, 27.4 մլն դրամը՝ սննդի փաթեթների տրամադրման, 1.4 մլն-ը՝ դպրոցահասակ երեխաների համար պայուսակների և գրենական պիտույքների ձեռքբերման, 8 մլնը՝ ֆինանսական աջակցության, հիգենայի պարագաների, սննդի ձեռքբերման նպատակով՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող կացարաններում տեղավորված հայրենակիցների համար, 268.3 մլն դրամը՝ որպես փոխհատուցում հյուրանոցներում տեղակայված շուրջ 1400 մեր հայրենակիցների համար:
• Անդրադառնալով զարգացման ծրագրերին՝ Ա. Ղազարյանը նշեց, որ Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ մշակվել և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել Վանաձոր համայնքի կայուն զարգացման ծրագիրը (ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագիր)։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 27 հազար եվրո և իրականացման հնարավորությունները քննարկվել են ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն այն իրագործելու մասով։ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համատեղ մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել են Վանաձոր, Սպիտակ, Փամբակ խոշորացված համայնքների կոմունալ և սանիտարական պայմանների բարելավման ծրագրերը: 2024թ.-ին ներդրումների ծավալը կկազմի 714.3 մլն դրամ: Ֆրանսիայի Հանրապետության ԱԳ նախարարության ապակենտրոնացված համագործակցության DAECT ծրագրերի շրջանակներում Լոռու մարզից ներկայացվել 4 ծրագրային առաջարկ: Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից ընթացքի մեջ է Վանաձորում ԹՈՒՄՈ կենտրոնի կառուցման գործընթացը: Պետական գույքի կառավարման կոմիտեի և Վանաձորի ավագանու որոշմամբ Թումոյին անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է նախկին Սպայի տան շենքը: «Աստղիկ» ԲՀ-ի միջոցներով Վահագնի համայնքում ընթացքի մեջ է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների վերականգնողական և կրթական կենտրոնի շինարարական աշխատանքները: Ծրագրային արժեքը 300 հազար եվրո է:
Անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերին՝ մարզպետը նշեց, որ 2018-2023թ.թ. ընթացքում պետական բյուջեից փաստացի ֆինանսավորվել է տվյալ տարիներին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 352 սուբվենցիոն ծրագիր:
Հաշվետու տարում հաստատվել է Լոռու մարզի 11 համայնքներից ներկայացված թվով 47 ծրագիր՝ ընդհանուր 7.452 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 4.208 մլրդ դրամ է: 2023 թ. ավարտվել և պետական բյուջեից փաստացի ֆինանսավորվել են 2021, 2022 և 2023 թվականներին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված 54 սուբվենցիոն ծրագրեր:
2023 թվականին փաստացի ֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել հետևյալ ոլորտներում.
 Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 18 ծրագիր՝ ընդհանուր մոտ 1.051 մլրդ դրամ արժեքով,
 Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 2 ծրագիր՝ ընդհանուր մոտ 52.677 մլն դրամ արժեքով,
 Ոռոգման համակարգերի կառուցման 5 ծրագիր՝ ընդհանուր մոտ 631.860 մլն դրամ արժեքով,
 Լուսավորության համակարգերի կառուցման 8 ծրագիր՝ ընդհանուր մոտ 452.997 մլն դրամ արժեքով,
 Գազաֆիկացման 2 ծրագիր՝ ընդհանուր մոտ 124.126 մլն դրամ արժեքով,
 Մանկապարտեզների հիմնանորոգման 3 ծրագիր՝ ընդհանուր մոտ 128.194 մլն դրամ արժեքով,
 Հասարակական շենքերի համայնքային կենտրոնների, մշակույթի տների, հանդիսությունների սրահների և մարզաառողջարանային կենտրոնի կառուցման և հիմնանորոգման 6 ծրագիր՝ ընդհանուր մոտ 361.202 մլն դրամ արժեքով,
 Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, 4 ծրագիր ընդհանուր մոտ 587.958 մլն դրամ արժեքով,
 Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 5 ծրագիր ընդհանուր մոտ 641.023 մլն դրամ արժեքով,
 Տեխնիկայի ձեռքբերման 1 ծրագիր ընդհանուր մոտ 165.2 մլն դրամ արժեքով:
2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներից ներկայացվել է աննախադեպ՝ 62 ծրագրի ամբողջական փաթեթ՝ 227 ենթածրագրով՝ ընդհանուր շուրջ 12.88 միլիարդ դրամ նախահաշվային արժեքով, որից մոտ 7 միլիարդ դրամը պետական բյուջեից ֆինանսավորումը կկազմի:
Արամ Ղազարյանը ներկայացրել է նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարված աշխատանքները, նշելով, որ մարզում գործող հյուրանոցային տնտեսություններ թիվը 283 է, որից՝ 2023թ.ին բացվել են շուրջ 30 նոր հյուրանոցային տնտեսություններ:
2023թ.-ին մշակվել և հաստատվել է «Լոռու մարզի զբոսաշրջային ճանապարհային քարտեզ 2027» փաստաթուղթը, այն արդեն իսկ ներկայացվել է համայնքներին, որպես աշխատանքային փաստաթուղթ: Ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները իրականացվել են մարզպետի աշխատակազմի, Գերմանական GIZ կազմակերպության և Լոռու տարածաշրջանակային զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի կողմից:
2023թ-ին մարզը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև մի շարք փառատոնների և ցուցահանդեսների:
Անդրադառնալով քաղաքաշինության բնագավառին՝ մարզպետը նշել է, որ 2023թ. քաղաքաշինության ոլորտում մարզում իրականացվել և դեռևս իրականացվում են հետևյալ խոշոր քաղաքաշինական ծրագրերը.
Վանաձորի Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի և գյուղատնտեսական պետական քոլեջի մարզադահլիճի վերակառուցում:
Ստեփանավան, Ալավերդի և Վանաձոր համայնքներում դպրոցների կառուցում:
Հագվի և Մեդովկա բնակավայրերում «Մոդուլային» տիպի դպրոցների կառուցում:
Վանաձորի ԲԿ-ի ինֆեկցիոն ծառայության նոր մասնաշենքի և Տաշիրի ԲԿ-ի կառուցում:
Սպիտակ, Լուսաղբյուր, Լեռնավան և Գոգավան բնակավայրերում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցում:
Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի և ՄՍԾՏԿ-ի շենքի կառուցում:
Իրականացվում են 7 դպրոցների մարզադահլիճների կառուցման և հիմնանորոգման շինարարական աշխատանքներ Վանաձոր, Վարդաբլուր, Ստեփանավան, Ագարակ և Ալավերդի բնակավայրերում:
Ճանապարհաշինության հետ կապված՝ մարզպետը նշեց, որ 2023թ-ին Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 10.09 մլրդ դրամ (սուբվենցիոն ծրագրերը ներառյալ), որով հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 107.5 կմ ճանապարհ (որից սուբվենցիոն ծրագրերով 28.9 կմ ներհամայնքային ճանապարհներ): Առավել խոշոր ծրագրերն են. Մ-6 միջպետական և Հ-33, Հ-70 հանրապետական նշանակության ճանապարհների, ինչպես նաև Տ-5-7, Տ-5-23, Տ-5-24, Տ-5-41, Տ-5-46, Տ-5-69, Տ-5-73, Տ-5-82, Տ-5-93 և Տ-5-24 մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները:
Սուբվենցիոն ծրագրերով մարզի 9 համայնքներում իրականացվել կամ ընթացքի մեջ են մի շարք ճանապարհաշինական աշխատանքներ: Այդ համայնքներն են՝ Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Սպիտակ, Լոռի Բերդ, Փամբակ, Թումանյան, Լերմոնտովո: Նշված համայնքներում աշխատանքները հիմնականում ավարտական փուլում են: Ստեփանավան համայնքում մրցույթը տարեվերջին կայանալու պատճառով ծրագիրը տեղափոխվել է 2024թ.:
Մարզպետն անդրադարձավ նաև ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին. 2021 թվականի մարտ ամսից, հայ-գերմանական համագործակցության ծրագրի շրջանակներում, KFW բանկի ֆինանսավորմամբ, Լոռու մարզում մեկնարկել են Վանաձորի 8-րդ ճնշումային գոտու բաշխիչ ցանցի վերակառուցման և շրջակա 9 բնակավայրերում բաշխիչ ցանցերի, ՕԿՋ-ների և 3 գետային ջրընդունիչների վերակառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը 3.5 մլրդ դրամ է, 2023թ. իրականացվել են 679.0 մլն դրամի աշխատանքներ: Ծրագրի ավարտը նախատեսվում է 2025թ.ին: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մարզում 2023թ-ին իրականացվել են շուրջ 83.3 մլն դրամի աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, գազամատակարարման ոլորտում 2023թ.-ին ներդրումների ծավալը Լոռու մարզում կազմել է 1.49 մլրդ դրամ, որից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի կողմից իրականացվել են 344.5 մլն դրամի աշխատանքներ: էներգետիկայի ոլորտում 2023թ. ներդրումների ծավալը Լոռու մարզում կազմել է 896.6 մլն դրամ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և վարկային միջոցներով իրականացվել են 810,2 մլն դրամի աշխատանքներ: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 60,6մլն դրամի աշխատանքներ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմադրամի կողմից իրականացվել են 25,8 մլն դրամի աշխատանքներ:
Հողօգտագործման բնագավառին անդրադառնալով՝ Ա. Ղազարյանը նշեց, որ 2023թ.-ի ընթացքում Լոռու մարզի համայնքներում փոփոխության է ենթարկվել 27.40 հեկտար հողամասերի նպատակային նշանակություն, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 8.2 մլն դրամ կադաստրային արժեքների տարբերություն:
Մարզի համայնքներում օտարվել է 198 միավոր հողամաս՝ 56.85 հեկտար մակերեսով, որի արդյունքում համայնքների բյուջե է մուտքագրվել շուրջ 163.4 մլն դրամ: 198 միավորի հողամասեր օտարվել են հողամասի կադաստրային արժեքից բարձր գնով:
Գյուղատնտեսության ոլորտի մասին խոսելով՝ Ա. Ղազարյանը նշեց, որ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները 2023 թ.-ին կազմել են 22.858.7 հա, որը 819.7 հա-ով ավելին է 2022 թ.-ի համեմատությամբ: Մշակվում է մարզում առկա վարելահողերի շուրջ 52%-ը: Հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները ավելացել են 494.3 հա-ով, կարտոֆիլի (34.6 հա-ով), բանջարաբոստանային (22.8 հա-ով) և կերային մշակաբույսերի (567.1 հա-ով) ցանքատարածությունները նվազել են, գրեթե անփոփոխ են մնացել պտղատու և հատապտղատու մշակաբույսերի ցանքատարածությունները:
Մարզպետն անդրադարձավ նաև գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերին՝ ներկայացնելով ներդրումների ծավալներն՝ ըստ ծրագրերի.
«Ինտենսիվ այգեգործության զարգացում»՝ 14.27 հա, «Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրեր»՝ 4.7 մլրդ դրամ,«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքեր»՝ 17.5 մլն դրամ, «Գյուղատնտեսական հումքի մթերումներ»՝ 19.9 մլն դրամ,«Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի»՝ 38.3 մլն դրամ,«Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիր»՝ 31.8 մլն դրամ,«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրում»՝ 283.9 մլն դրամ, «2019-2024 թվականների տավարաբուծության զարգացում»՝ 11 մլն դրամ, «Լոռի» ՋՕԸ-ի կողմից ոռոգման համակարգի վերանորոգում՝ 50.3 մլն դրամ:
Ոլորտի ձեռքբերումներին անդրադառնալով մարզի ղեկավարը մասնավորապես առանձնացրեց ՀՀ Կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» համագործակցությամբ անասնաբուծական համալիրի գործարկումը(ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն ԱՄՆ դոլար)։ 2023 թ.-ի ներդրման գումարը կազմել է 8 մլրդ 820 մլն դրամ:
Նա խոսեց նաև Գյուղատնտեսության բնագավառում 2024թ.-ին նախատեսվող աշխատանքներից, մասնավորապես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, մեկնարկել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը: Տաշիրի տարածաշրջանում «Բոզոյան» ՍՊԸ–ի կողմից կհիմնվի խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմերային տնտեսություն: Պետական միջոցներով նախատեսվում է մարզում կառուցել օրվա կարգավորիչ 3 ջրամբար:
Մարզպետ Արամ Ղազարյանն անդրադարձավ նաև ծառահատումներին՝ նշելով, որ 2023թ. ծառահատումները կազմել են 7250 խոր մ , որից 6707 խոր մ-ն՝ Թումանյանի անտառտնտեսությունում: Հաշվետու տարում իրականացվել են 646 հա անտառտնկման աշխատանքներ, որից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 236 հա, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից՝ 106 հա, «Մայ ֆորեսթ Արմենիա» հիմնադրամի կողմից՝ 304 հա:

Ներկայացվեցին նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության բնագավառներում իրականացված աշխատանքները:
Կրթության ոլորտի հետ կապված մարզպետը ներկայացրեց, որ 2023թ. սկզբին մարզում գործել է 163 հանրակրթական ուսումնական հաստատություն, տարվա ընթացքում հաստատությունների թիվն ավելացել է 1-ով, քանի որ 1 մասնավոր դպրոց ստացել է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա։ Տարեվերջին ուսումնական հաստատությունների թիվը պակասել է, քանի որ ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ Ստեփանավանի թիվ 1 վարժարանը փակվել է, իսկ Գուգարքի հիմնական և ավագ դպրոցները միավորվել են, վերանվանվելով՝ Գուգարքի միջնակարգ դպրոց։
«Սմարթ» դասարաններ են գործում 37 դպրոցներում, իսկ «Արմաթ» լաբորատորիաներ՝ 114 դպրոցներում։
Նախորդ երկու տարիների համեմատ 2023թ.-ին մարզը բավականին մեծ աճ է ունեցել կամավոր ատեստավորված ուսուցիչների մասով։ 2021թ․ կամավոր ատեստավորվել են՝ 25, 2022թ․՝ 64, իսկ 2023թ․՝ 224 ուսուցիչ։
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերում մրցանակակիր աշակերտների թիվը ավելացել է: Նախորդ տարվա 60 մրցանակակրի փոխարեն 2023թ.-ին մարզն ունեցել է 70 մրցանակակիր՝ արդեն 2-րդ տարին անընդմեջ հանրապետությունում գրավելով 2-րդ տեղը՝ զիջելով միայն Երևանին։
«300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի» շրջանակներում Լոռու մարզից ներառված է 37 մանկապարտեզ, որից 9-ը ավարտված է, 11-ը՝ ընթացքի մեջ, 17-ը՝ հաստատման գործընթացում: Ներառված է 38 դպրոց, որից 2-ը ավարտված է, 3-ը՝ ընթացքի մեջ: Մարզի ղեկավարն անդրադարձավ նաև սպորտի և մշակույթի բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին:
Ներկայացնելով առողջապահության բնագավառում իրականացված ներդրումները՝ մարզպետը նշեց, որ ՀՀ Լոռու մարզում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի (հրատապ) ծրագրով իրականացվել են «Գուգարքի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն անզգայացման սարքի տրամադրումը:
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմում գործող Վարակաբանական բաժանմունքի նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքներն սկսվել են 2023թ. և կավարտվի 2024թ.:
«ԻՐԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն 2023թ. տարածքի վարձակալությամբ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին տեղադրել է համակարգչային շերտագրման սարք: «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով կատարել է համակարգչային շերտագրման սենյակի մասնագիտական հիմնանորոգում:
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ 2023թ. ընթացքում սպասարկվել է 18 բուժառու: 2024թ. նախատեսվում է իրականացնել «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հավատարմագրման գործընթացը:
«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներն սկսվել են 2023թ. և կավարտվի 2025թ.:
ՀՀ առողջապահության նախարարությունը «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին հատկացրել են 21.1 մլն դրամ արժողությամբ սարք-սարքավորումներ, այդ թվում՝ թոքերի արհեստական շնչառության սարք՝ 13.5 մլն դրամ արժողությամբ, անզգայացման սարք՝ 7.6 մլն դրամ արժողությամբ, ինչպես նաև անհատույց՝ 5 տարի ժամկետով, տրամադրվել է ամենագնաց շտապ օգնության ավտոմեքենա: Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կատարվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանա-հյուսվածքաբանական լաբորատորիայի վերազինում: Ներդրումների ծավալը կազմել է 34.9 մլն դրամ: «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրվել է գերժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպ՝ 31.6 մլն. դրամ արժողությամբ, որի շնորհիվ հնարավոր է դարձել գերժամանակակից հետազոտության իրականացումը (այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքների վաղ հայտնաբերումը):«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի («COAF») կողմից «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են (ծրագրային արժեքը՝ 366.2 մլն դրամ), իսկ բժշկական սարքավորումներով հագեցվածությունից հետո կենտրոնը կհանձնվի շահագործման:
Սոցիալական աջակցության ոլորտում, ինչպես նշեց մարզպետը, շարունակվել են պետական քաղաքականության ուղղություններից մեկի՝ սոցիալա¬կան ծառայությունների մեկտեղման՝ համալիր կենտրոնների ստեղծման աշխատանքները: Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագիրը Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման բարեփոխումների առանցքային ծրագիրն է, ըստ որի, տարածաշրջանային կենտրոններում կգործեն ՄՍԾ-ի տարածքային կենտ¬րոն¬ները:
2024թ. Սպիտակի նույնատիպ համալիր կենտրոնի կառուցումով Լոռու մարզում կամբողջանա համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների կառուցման գործընթացը:
Ըստ մարզի ղեկավարի 2023թ. ակտիվ է եղել նաև արտաքին կապերի և միջազգային համագործակցության առումով:
Հայ- ֆրանսիական համագործակցության շրջանակներում Լոռի են ժամանել ՖՀ Հարավային՝ Պրովանս Ալպեր Կոտ դ՛Ազյուր շրջանի ներկայացուցիչները։ Համագործակից մարզի հետ աշխատանքներ են ընթանում Ֆրանսիայի ԱԳՆ DAECT-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին դիմելու առնչությամբ։
2023թ.-ին Լոռու մարզի պատվիրակությունը ներկա է գտնվել Մարսելում կայացած «Միջերկրականի ապագան» 6-րդ միջոցառմանը:
Օ տեղ դը Պրովանս զբոսաշրջային կենտրոնի և Աֆրատ կազմակերպության հետ համատեղ պատրաստվել են զբոսաշրջային գրքույկ և տեսահոլովակ, ինչպես նաև մշակվել են քայլարշավային երթուղիներ:
Հայ-ռումինական համագործակցության շրջանակներում Լոռիում են հյուրընկալվել Ռումինիայի Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները։
Վերակնքվել է Ալավերդի-Գեորգենի և կնքնել է Տաշիր-Թրգու Մուրեշ համաձայնագրերը։
Մարզի պատվիրակությունն այցելել է Հարգիտա, այժմ ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները:
Հայ-չինական համագործակցության շրջանակներում մարզ է այցելել ՀՀ-ում Չինաստանի դեսպանը։ Ապա Լոռու մարզի պատվիրակությունն այցելել է ՉԺՀ համագործակից Շանսի նահանգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ակնկալվում է չինական պատվիրակության այցը Լոռի։
Հայ-լիտվական համագործակցության շրջանակներում ընթացքի մեջ է Լիտվայի դեսպանության և լիտվական «Սոլետ տեկնիկ» ընկերության հետ համատեղ ծրագրի իրականացումը։ Նախորդ տարվա պայմանավորվածությունների արդյունքում ներկայացված 11 կրթական և առողջապահական հաստատություններից 10-ին կտրամադրվեն արևային վահանակներ, որոնք զգալիորեն կնպաստեն էներգիայի արդյունավետ օգտագործմանը:
Հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության «Մարդասիրական աջակցության ծրագրի» կողմից ֆինանսավորված օգնության շրջանակներում դեսպան Քվինն այցելել է Լոռի՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, արդյունքում արցախցիներին տրամադրվել են մանկական սնունդ, տակդիրներ, հիգիենայի և այլ պարագաներ:
Հայ- ճապոնական համագործակցության շրջանակներում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Մարգահովիտի երիտասարդական կենտրոնի միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագիր է ստորագրվել, ըստ որի, Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքներին կտրամադրվեն նոր աղբամաններ և աղբատար մեքենա:
Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում մարզում իրականացվել են նաև մի շարք առողջապահական ծրագրեր:

2023թ.ին մարզն ակտիվ համագործակցել է շուրջ 2 տասնյակ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ, արդյունքում մարզում իրականացվել են մի շարք տնտեսական, գյուղատնտեսական, բնապահպանական, սոցիալական, կրթական, մշակույթային, մարդասիրական և զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր:
Մարզպետն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, զորակոչային և զորահավաքային նախապատրաստության, փաստաթղթաշրջանառության, անձնակազմի կառավարման, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ուղղությամբ տարված աշխատանքներին:
(Լոռու մարզպետի 2023թ. աշխատանքային հաշվետվությանը կարելի է ծանոթանալ lori.mtad.am կայքէջի «Մարզպետարան աշխատակազմ» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժնում ՝ http://lori.mtad.am/files/docs/73575.pdf հղումով):
2023 թվականի ընթացքում Լոռու մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման և 2024թ. հունվար-փետրվար ամիսների կատարման ընթացքի մասին զեկուցեց ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը: Ըստ նրա, 2023թ․ համայնքների սեփական եկամուտների կատարողականների վերլուծությունը ցույց է տվել, որ մարզում հավաքագրված սեփական եկամուտների գերակշիռ մասն ապահովում է Վանաձոր համայնքը 38%, ապա՝ Ալավերդի համայնքը ՝ 13.4%, Սպիտակ համայնքը ՝ 13.1%, Տաշիր համայնքը՝ 11.2%, Ստեփանավան համայնքը՝ 6.2% և այլն: Ըստ հարկատեսակների տեսակարար կշիռների, մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ եկամուտների գերակշիռ մասն ապահովվում են փոխադրամիջոցների համար նախատեսված գույքահարկը՝ 38.5%, տեղական վճարները՝ 15.3%, անշարժ գույքի հարկը՝ 10%, գույքի վարձակալությունից եկամուտները՝ 7.8%: Մնացյալ հարկատեսակները արդեն 5%-ից ցածր տեսակարար կշիռ ունեն:
Նա նշեց, որ ընդհանուր մարզի կտրվածքով 2024թ. համար սեփական եկամուտների հավաքագրման պլանային ցուցանիշը կազմում է 3 մլդ 536.5 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համար սեփական եկամուտների հավաքագրման աճ են ապահովել Վանաձոր, Տաշիր, Սպիտակ, Ալավերդի համայնքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է հավաքագրվել 17․6 մլն դր։
Գույքային հարկեր անշարժ գույքից հարկատեսակի համար պլանային ցուցանիշ է սահմանվել 565․6 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համար հավաքագրման աճ են ապահովել Վանաձոր, Ալավերդի և Տաշիր, համայնքները, ընդհանուր առմամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է հավաքագրվել 11 մլն դրամ։
Փոխադրամիջոցների գույքահարկ հարկատեսակի համար պլանային ցուցանիշը կազմել է 1 մլդ 657․2 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համար հավաքագրման աճ են ապահովել միայն Փամբակ, Ալավերդի, Գյուլագարակ և Ֆիոլետովո համայնքները։ Ընդհանուր մարզի պլանային ցուցանիշը, սակայն, նախորդ տարվա համեմատ նվազել է։
- Սա, թերևս, պատճառ է հարցին ուշադրություն դարձնելու և միջոցներ ձեռնարկելու համար, որպեսզի համայնքները, մինչև եռամսյակի ավարտ, ապահովեն եռամսյակային պլանային ցուցանիշների կատարումը 100%-ի չափով,-ասաց վարչության պետը։
Գույքի վարձակալությունից եկամուտներ հարկատեսակին անդրադառնալով՝ նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համար նվազել է պլանային ցուցանիշը, նաև առկա է թերակատարում` հավաքագրված եկամտի ավելի ցածր ցուցանիշ։
Նա նշեց, որ հարկ է պատշաճ ուշադրություն դարձնել վարձակալական պայմանագրերով առաջացած պարտավորությունների կատարման։ Վարձակալների կողմից վճարումները չիրականցնելու դեպքում լուծել պայմանագրերը։
Տեղական վճարների հետ կապված առկա է փաստացի հավաքագրման տոկոսային աճ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավել է հավաքագրվել 29․8 մլն դր:

Անդրադառնալով պետական բյուջեից 2024թ․ նախատեսված Լոռու մարզի համայնքների դոտացիայի թվին՝ նա նաև նշեց, որ ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 16-ի 355-Ն որոշմամբ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում տեղի ունեցած փոփոխությունը ևս նպաստել է 2024թ. Լոռու մարզին հատկացվելիք դոտացիաների թվի աճին, ինչը լրացուցիչ հնարավորություն կտա համայնքների համաչափ զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար:
-Համայնքային բյուջեների վերլուծությունը ցույց է տալիս, որ եկամուտների շուրջ 50 տոկոսը կազմում է սեփական եկամուտները, իսկ 50 տոկոսը կազմում են ոչ սեփական եկամուտները, որը հիմնականում ֆինանսավորվում է պետական բյուջեից: Պետությունը իր պարտավորությունները հիմնականում կատարում է 100 տոկոսով, ուստի համայնքները նույնպես պետք է ձգտեն ապահովել 100 տոկոսով սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներ,-իր խոսքը եզրափակեց Մ. Դալլաքյանը:
2023 թվականին քաղաքաշինության բնագավառում սուբվենցիոն և պետական ծրագրերով կատարված աշխատանքների և 2024 թվականին սուբվենցիոն և պետական բյուջեի միջոցներով նախատեսված ծրագրերի ընթացքին անդադարձավ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը:
Ճանապարհաշինական կապիտալ ծրագրերի հետ կապված՝ Ռ. Մարգարյանը նշեց, որ 2023թ.-ին Լոռու մարզում իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 10.09 մլրդ դրամ (ներառյալ սուբվենցիոն ծրագրերը), որով հիմնանորոգվել կամ վերանորոգվել է 107.5 կմ ճանապարհ, որից պետական բյուջեով՝ 17 կմ՝ միջպետական, 13 կմ՝ հանրապետական, 40.5 կմ՝ մարզային, 8.1 կմ՝ ներհամայնքային նշանակության ճանապարհներ, ինչպես նաև 28.9 կմ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգված ճանապարհներ:
Առավել խոշոր ծրագրերն են. Մ-3, Մ-6՝ միջպետական և Հ-33, Հ-70՝ Մ-6-Աթան հանրապետական նշանակության ճանապարհների (իր հարակից բնակավայրերով), ինչպես նաև մի շարք մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի, Մոսկովյան փողոցների, Նարեկացի փողոց-Կոմիտաս վարդապետ Հրապարակ էստակադայի, ինչպես նաև Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները:
2024թ. պետական բյուջեով Լոռու մարզում նախատեսվում է հիմնանորոգել 71.5 կմ ճանապարհահատված, որի ծրագրային արժեքը կազմում է շուրջ 13.3 մլրդ դրամ: Այդ թվում՝ 2023-2024 թթ. փոխանցիկ ծրագրերից են Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Օձունի խաչմերուկի /Մ6 և Հ35/ ավտոճանապարհների փոխատում) վերկանգնման և բարելավման, Մ-6 - Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ հատվածի, Ստեփանավան - Ագարակ - Յաղդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 8.1 կմ հատվածի, /Մ- 6/ (Ալավերդի) - Սանահին թաղամաս - Ակներ ավտոճանապարհի 9.3 կմ և դեպի Սանահին վանական համալիր տանող, (Ստեփանավան) – Արմանիս – Ուրասար – Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի 8.6 կմ հատվածի և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների, ինչպես նաև Վանաձոր համայնքի Տ․ Մեծի պողոտայի և Սանկտ - Պետերբուրգի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես նաև 2024 թվականին նախատեսված է մեկնարկել Մ-3, Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման - միջպետական նշանակության ավտոճանապարհի 11 կմ հատվածի (Վանաձոր-Սպիտակ) և /Մ-3/ - Պուշկինյան լեռնանցք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 13.4 կմ հատվածի, Մ-6/ -Դսեղ - /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջի հիմնանորոգման աշխատանքները:
Քաղաքաշինություն ոլորտում ՀՀ կառավարության կողմից Քաղաքաշինության կոմիտեի, ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի, ԿԳՄՍ, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների պատվիրատվությամբ Լոռու մարզում իրականացվել և դեռևս ընթացքի մեջ են շուրջ 20.5 միլիարդ դրամ ընդհանուր պայմանագրային արժեքով մի շարք ծրագրեր: Մասնավորապես ընթացքի մեջ են Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 դպրոցի, Ալավերդի քաղաքի թիվ 2 դպրոցի և Վանաձոր քաղաքի թիվ 19 դպրոցի կառուցման աշխատանքները՝ ՀՏԶՀ պատվիրատվությամբ, Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի կառուցման աշխատանքները՝ ԿԳՄՍՆ պատվիրատվությամբ, Վանաձորի ԲԿ ինֆեկցիոն ծառայության նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները՝ Առողջապահության նախարարության պատվիրատվությամբ, Սպիտակի միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատվիրատվությամբ, Սպիտակ քաղաքում նոր բնակելի շենքի և Տաշիր քաղաքի բժշկական կենտրոնի, Սպիտակ, Լուսաղբյուր, Լեռնավան և Գոգավան բնակավայրերում՝ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների, Հագվի և Մեդովկա բնակավայրերում՝ «Մոդուլային» տիպի դպրոցների, Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9, Ծովակալ Իսակովի անվան թիվ 23, Ստեփանավանի թիվ 1, Վարդաբլուր, Ագարակ և Ալավերդու թիվ 12 դպրոցների մարզադահլիճների կառուցման և Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատությամբ:
2024 թ. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատությամբ նախատեսվում է Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքներ իրականացնել, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն իրականացվել են 2023 թվականին: Առաջիկայում կհայտարարվի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ:
Հայտարարություններով հանդես եկան Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզային ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, ՀՀ ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը:
Ա. Շահբազյանն իր զեկույցում մտահոգությամբ նշեց, որ 2023թ. գրանցվել է հանցագործությունների թվի աճ, սակայն գրանցվել է նաև բացահայտման ցուցանիշների աճ: Նա նշեց, որ ակնկալում է նաև մարզի ղեկավարի, համայնքների ղեկավարների, ներկաների աջակցությունը հանցագործությունների նախականխման, համայնքներում գրանցվող ապօրինություների բացահայտման առումով:
-Համագործակցությունը, վստահ եմ, կտա իր դրական արդյունքը՝ հանուն Լոռու մարզի բնակիչների բարօրության,-ասաց նա:
Լոռու մարզային ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Զաքարյանը նշեց, որ 2023թ. Լոռու մարզում գրանցվել է հանցագործության 2916 դեպք, որը նախորդ տարվանից ավելի է 40 դեպքով, որից 2692-ը բացահայտվել է: Թեև նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի բացահայտման աճ է գրանցվել, սակայն,ըստ ոստիկանության պետի, մտահոգիչ է, որ գրեթե եռակի աճել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հատկապես անչափահասների շրջանում: Նա կրթօջախների տնօրեններին կոչ արեց ամենօրա հսկողության տակ պահել խնդիրը և համագործակցել ոստիկանության հետ: Ա. Զաքարյանը համայնքների ղեկավարներին ևս կոչ արեց գործակցել ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության հայտնաբերման նպատակով:
Փ/ծ փոխգնդապետ Արմեն Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ 2023թ. Լոռու մարզում գրանցվել է 1161 արտակարգ դեպք, 2022թ. համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 226-ով կամ 17.8 տոկոսով: Նա իր խոսքում ևս կարևորեց դեպքերի կանխարգելումը և նշեց, որ Լոռու մարզային փրկարարական վարչությունը ևս ակնկալում է մարզային և համայնքային իշխանությունների հետ համագործակցությունը:
ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, ներկայացնելով զորակոչային և զորահավաքային, կցագրման ցուցանիշները, շնորհակալություն հայտնեց և պատվոգրեր հանձնեց մարզային և համայնքային իշխանությունների, ոստիկանության մի շարք պաշտոնյաների՝ գործընթացին աջակցելու համար:
Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ մարզպետը նշեց, որ Լոռու մարզում 2023թ.-ին իրականացված մեծածավալ աշխատանքներին զուգահեռ՝ առկա են նաև թերացումներ: Նա մասնավորապես անդրադարձավ սեփական եկամուտների հավաքագրման առումով թերացող համայնքներին և կոչ արեց հարցը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում, հաջորդ նիստին ներկայացնել արդեն դրական տեղաշարժ և պարզաբանումներ՝ թերակատարումների վերաբերյալ: Մարզպետն անդրադարձավ նաև ապօրինի անտառահատումների խնդրին՝ անտառտնտեսությունների տնօրեններին առաջարկելով նաև պարզաբանումներ ներկայացնել պատճառների վերաբերյալ:
- Յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել մեր բնությունը: Անտառտնտեսության աշխատակիցները պատկան մարմինների հետ միասին զօրուգիշեր պետք է ջանքեր գործադրեն անտառահատումները կանխելու նպատակով,-ասաց Ա. Ղազարյանը՝ հորդորելով խիստ վերահսկողություն և հետևողականություն ցուցաբերել այս հարցում:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետի աշխատակազմին, մարզի համայնքների ղեկավարներին, իրավապահ մարմիններին, բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներին 2023թ. Լոռու մարզում իրականացված աշխատանքների համար: Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ մարզի բնակչության կողքին լինելու, սատարելու համար:
- Այսուհետ ևս խնդրում եմ բոլորիդ աջակցությունը՝ հանուն Լոռու մարզի բարեկեցության և զարգացման,-ասաց Արամ Ղազարյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27