Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Ղազարյանը խորհրդակցություն է անցկացրել առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ

27.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 27-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Լոռու մարզի բժշկական հաստատությունների պատասխանատուների հետ, քննարկել մարզի առողջապահական ոլորտի առաջնահերթությունները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Մինչ ոլորտին վերաբերող հարցերին անդրադառնալը` մարզի ղեկավարը բժշկական հաստատությունների պատասխանատուներին և նրանց աշխատակազմերին շնորհակալություն է հայտնել մասնագիտական գործունեության, պատասխանատու և նվիրված աշխատանքի համար, ընդգծել, որ բժշկի մասնագիտությունը անսահման մարդասիրություն և անձնազոհություն է պահանջում:
Բարձր գնահատելով բժիշկների աշխատանքը՝ Արամ Ղազարյանը կարևորել է մարզային բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու աշխատանքների արդյունավետությունը, նշել, որ առողջապահության ոլորտի խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են:
- Ճիշտ կառավարման տեսանկյունից՝ առողջապահության ոլորտում լուրջ և արմատական բարեփոխումներ կատարելու կարիք ունենք: Անհրաժեշտ է ճիշտ քաղաքականություն վարել. անընդհատ աշխատել մասնագիտական որակների բարձրացման, լավագույն մասնագետների ներգրավման, սարքավորումների ձեռքբերման և այլ ուղղություններով,- ասել Լոռու մարզպետը:
Մարզի ղեկավարը խոսել նաև առողջապահական համակարգում աշխատանքային կարգապահության մասին, շեշտել, որ քաղաքացիների նկատմամբ հարկավոր է դրսևորել պատասխանատու, սրտացավ վերաբերմունք և իրականացնել պատշաճ սպասարկում: Նա հորդորել է մասնագիտական գործունեություն իրականացնելիս չառաջնորդվել նեղ անձնական շահերով, անել հնարավորը մարզում բուժսպասարկման որակի բարձրացման ուղղությամբ:
Քննարկման ընթացքում առողջապահական հիմնարկների պատասխանատուները հարցեր են բարձրացրել բժշկական սարքավորումների գնման, դեղորայքի ձեռքբերման, անհրաժեշտ բուժսարքավորումներով վերազինման, նեղ մասնագետներով համալրման, շենքային պայմանների բարելավման և ոլորտին առնչվող այլ թեմաների վերաբերյալ:
Մարզպետն ընդգծել է բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու պատրաստակամությունը, ակնկալել ոլորտի պատասխանատուների փոխադարձ աջակցությունն ու վստահությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27