Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արամ Ղազարյան. «Պատրաստ եմ աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը և մարզի բնակիչների բարեկեցությանը»

27.02.2024

Մարզպետ Արամ Ղազարյանը փետրվարի 26-ին հյուրընկալել էր «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ:
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամն ավելի քան հինգ տարի Լոռու մարզում կյանքի է կոչում համայնքային հզորացման նախաձեռնություններ՝ զարգացնելով գյուղատնտեսությունը, իրականացնելով նաև սոցիալական, սկսնակ ձեռներեցության զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Որպես թիրախային համայնքներ՝ ընտրված են Սպիտակը, Գյուլագարակը և Փամբակը:
Մարիամ Անտոնյանը մարզի ղեկավարին տեղեկացրել է նաև, որ Վահագնի բնակավայրում սահմանափակ կարողություններով երեխաների համար ներկայում կառուցվում է վերականգնողական և կրթական կենտրոն: Շինարարությունը կավարտվի այս տարի: Աջակցության ծրագրեր են իրականացվում նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար:
Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Մարիամ Անտոնյանին մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար:
-Պատրաստ եմ աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, բոլոր այն ծրագրերի հաջող իրականացմանը, որոնք կնպաստեն մարզի զարգացմանը և մարզի բնակիչների բարեկեցությանը: Որպես մարզի ղեկավար՝ ինձ համար առավելապես կարևոր է, որպեսզի Լոռու մարզը դառնա ներդրումային գրավիչ միջավայր տնտեսվարողների, դոնոր կազմակերպությունների համար, և մենք պատրաստ ենք անելու ամեն հնարավորը այդ նպատակն իրականություն դարձնելու համար,-ասել է նա:
Ա. Ղազարյանը և կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են մարզում այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ ևս։
Մարզի ղեկավարի հանձնարարությամբ մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի հետ գործակցությամբ հստակ ծրագրային առաջարկներ կմշակվեն և առաջիկայում կքննարկվեն դրանց իրականացման հետագա քայլերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38