Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Էներգաարդյունավետության բարձրացման նոր ծրագիր Փամբակ և Թումանյան համայնքների 100 ընտանիքների համար

26.02.2024


Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աշխատանքային թիմին՝ ծրագրի խորհրդատուներին և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Ծրագրի տնային տնտեսությունների ջեռուցման կարիքների բարելավմանն ուղղված բաղադրիչի շրջանակում նախատեսվում է Լոռու մարզի Փամբակ և Թումանյան համայնքներում բնակվող խոցելի, ցածր եկամուտ ունեցող, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 ընտանիքների (70 անվճար, 30 համավճարով) ապահովել կոշտ կենսավառելիքով աշխատող էներգաարդյունավետ մետաղական վառարաններով:
ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի նպատակն է խթանել էներգաարդյունավետ վարքագիծը բարձր լեռնային բնակավայրերում, որպեսզի այն ընտանիքները, որոնք վառարանով են ջեռուցում իրենց բնակարանները, համեմատաբար քիչ վնասներ հասցնեն բնությանն ու մոլորակին:
Հատուկ նախագծված վառարաններն էներգաարդյունավետ են, ունեն բարձր օգտակար գործողության գործակից, նվազ արտանետումներ, հարմարավետ են և անվտանգ: Ծրագրի ներկայացուցիչները նշեցին, որ այժմ Լոռու մարզում փնտրում են հմուտ մետաղագործ վարպետների համագործակցության նպատակով:
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին Լոռու մարզում արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար և հույս հայտնել, որ ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աշխատանքային թիմի, Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գործուն աջակցությամբ հերթական ծրագիրը ևս հաջող ընթացք կունենա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շահառուների համար չափանիշների սահմանման և հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր ևս:

Հիշեցնենք, որ Լոռու մարզը Գերմանիայի Դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս հանդիսացող ԵՄ համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի» ծրագրի թիրախային մարզերից է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:25:27