Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շենքերի Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը

20.02.2024

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի վերաբրյալ իրազեկման նպատակով փետրվարի 19-ին հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում:
Քննարկումը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի համայնքների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուները:
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ և Կլիմայի կանաչ հիմնադրամի (ԿԿՀ) ֆինանսավորմամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ՝ համաֆինանսավորելով պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների ներկայացրած հայտերը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն տրամադրելով սուբվենցիոն հայտերի լրացման հարցում, նախագծերի մշակման և շինարարության իրականացման փուլերում։
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Հովհաննես Ավետիսյանը նշել է, որ 2023թ.-ին ծրագիրը բավականին ակտիվ կերպով և հաջողությամբ է իրականացվել Լոռու մարզում և հույս է հայտնել, որ մարզի համայնքներն առավել ակտվություն կցուցաբերեն և նոր շենքեր կներառվեն ծրագրում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Աշոտ Գիլոյանը:
Ծրագրի պատասխանատուները նշել են, որ ծրագրի առաջնային նպատակը շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված գործողություններին աջակցելն է` նպաստելով այդ շենքերի բնակիչների և սեփականատերերի՝ էներգիայի ու դրամական միջոցների էական տնտեսմանը, այդ թվում՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները: Նշվել է նաև, որ Էներգաարդյունավետ արդիականացումն օգնում է համայնքներին ու համայնքի բնակիչներին խնայել էներգիայի վրա ծախսվող ֆինանսական ռեսուրսների 20-50%-ը:
2023 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ ավելի քան 150 բնակելի և 50 հասարակական շենք ողջ Հայաստանում համաֆինանսավորվել է ծրագրի միջոցով: Լոռու մարզում ծրագրի կողմից համաֆինանսավորվել է 41 բազմաբնակարան և 2 հասարակական նշանակության շենք (Վանաձոր, Ստեփանավան,Ալավերդի, Տաշիր համայնքներ):
Մասնավորապես, ՄԱԶԾ-ի դրամաշնորհային համաֆինանսավորումը բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման դեպքում կազմում է շինարարության արժեքի 25%-ը, իսկ հանրային և համայնքապատկան շենքերի՝ 20%-ը:
Հանդիպման մասնակիցները հանգամանորեն քննարկել են նաև ծրագրին մասնակցության հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22