Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը հյուրընկալել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին

14.02.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այսօր ընդունել է «Իմ անտառ Հայաստան» (My Forest Armenia) կազմակերպության հիմնադիր տնօրեն Անդրէ Գումուշճեանին և կազմակերպության գործառնական ղեկավար Վահե Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը:
Հանդիպման նպատակն էր մարզի ղեկավարին ներկայացնել կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացված անտառպատման և անտառտնկման աշխատանքները, գործունեության 5 տարիների ընթացքում գրանցված արդյունքները, քննարկել առաջիկա ծրագրերը:
Անդրէ Գումուշճեանը նշել է, որ կազմակերպությունն իր աշխատանքների մեծ մասն իրականացնում է Լոռու մարզում՝ Սպիտակի, Ստեփանավանի տարածաշրջանների Ջրաշեն, Շիրակամուտ, Ուրասար, Լեռնապատ բնակավայրերում՝ իրականացնելով անտառհիմնման և անտառվերականգնման աշխատանքներ՝ սկսած սերմերի աճեցումից, մինչև՝ անտառների հիմնում և պահպանում։ Լոռու մարզի Գուգարք և Դեբեդ բնակավայրերում «Իմ անտառ Հայաստան»-ը ունի 2 տնկարան և ջերմոցներ:
Կազմակերպությունն անցած տարվա ընթացքում շուրջ 300 հեկտար անտառտնկման աշխատանքներ է իրականացրել՝ Լոռու մարզում տնկելով ավելի քան 900.000 ծառ, ժամանակավոր աշխատանքով է ապահովել 280 մարդու: Կազմակերպության պատասխանատուները նշել են, որ այս տարի ևս մարզում անտառների պաշտպանության և ընդլայնման առումով մեծ նպատակներ կան, որոնք ակնկալում են իրականացնել պետական պատասխանատու կառույցների հետ սերտ համագործակցությամբ:
Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության պատասխանատուներին, իր գոհունակությունն է հայտնել կատարած հայրենանվեր աշխատանքների համար և ընդգծել, որ լիազորությունների շրջանակներում կաջակցի կազմակերպությանը ողջունելի բոլոր նախաձեռնություններում:
- Անտառային տարածքների վերականգնումը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական և տնտեսական մեծ խնդիր է լուծում: Կանենք առավելագույնը՝ նպաստելու կազմակերպության ծրագրերի արդյունավետ իրագործմանը,- ասել է Ա. Ղազարյանը:
Մարզի ղեկավարն առաջարկել է համատեղ այց իրականացնել արդեն իսկ հիմնված անտառային տարածքներ՝ տեղում ծանոթանալու անտառպատման աշխատանքների արդյունքներին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցելու առաջիկայում նախատեսված ծառատունկին:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38