Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Արամ Ղազարյանը «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հետագա հնարավորությունները
01.02.2024
Մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Հանդիպման նպատակն էր քննարկել կազմակերպության կողմից Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
Կազմակերպության «Վերականգնում հանուն հզորացման» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության և արդյունավետ համագործակցության համար, նշել է, որ «Հայկական Կարիտասն» արդեն շուրջ 28 տարի գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում, 22 տարի՝ Լոռու մարզում: Կազմակերպությունն աշխատում է խոցելի խմբերի սոցիալական պաշտպանության, խնամքի, սոցիալական ներառման, համայնքների զարգացման, միգրացիայի կանխարգելման և ինտեգրման, 2020 թվականի սեպտեմբերից սկսած նաև՝ պատերազմական գործողություններից տուժած և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության աջակցման ուղղություններով:
Նա տեղեկացրել է նաև, որ 2023 թվականի նոյեմբերի 1-ից Լոռու մարզում մեկնարկել է «Վերականգնում հանուն հզորացման» ծրագիրը, որի նպատակն է աջակցել Լոռու մարզում բնակություն հաստատած, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների և ղարաբաղյան հակամարտությունից տուժած տեղացի ընտանիքների սոցիալ-տնտեսական ինքնապահովման վերականգնմանը: Ծրագրի արդյունքում Լոռու մարզում բնակվող, Արցախյան հակամարտությունից տուժած 130 տնային տնտեսության կտրամադրվեն սոցիալական աշխատանքի և հոգեբանական աջակցության ծառայություններ, կենսապայմանների ապահովման համար մոտ 80 ընտանիք կստանա արտադրական ակտիվներ և փոքր բիզնես դրամաշնորհներ, կիրականացվեն շահերի պաշտպանությանն ուղղված քայլեր։
Մարզի ղեկավարը կարևորել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործունեությունը Լոռու մարզում։ Նա շնորհակալություն է հայտնել՝ մարզում մինչ այժմ իրականացված ծրագրերի և նոր նախաձեռնությունների համար՝ ընդգծելով, որ նմանօրինակ ծրագրերն օգնում են համայնքներին կենսական նշանակության բազմաթիվ խնդիրներ լուծել և ազգաբնակչությանը տալ զարգացման նոր հնարավորություններ։
-Մենք պատրաստ ենք շարունակել սերտորեն համագործակցել և մեր հնարավորությունների սահմաններում աջակցել «Հայկական Կարիտասի» նախաձեռնությունների իրականացմանը։ Մեր աշխատանքներում պետք է փոխլրացնենք միմյանց՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների և մարզում բնակվող խոցելի խմբերի համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելու համար,- նշել է մարզպետը։
Ա. Ղազարյանը և կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են մարզում այլ ծրագրերի իրականացման հնարավորություններ ևս։