Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն աշխատանքային այցով Վանաձորի բժշկական կենտրոնում էր
31.01.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ, այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն: Այցի նպատակն էր ծանոթանալ բուժհաստատության պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակին, հրատապ լուծումներ պահանջող խնդիրներին, նախատեսվող ծրագրերին և հանդիպել բժշկական կենտրոնի անձնակազմի հետ:
Բուժանձնակազմի հետ հանդիպմանը մարզպետը նշել է, որ առողջապահության ոլորտի խնդիրները կառավարության և անձամբ ՀՀ վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Ա. Ղազարյանը կարևորել է բժշկական օգնության, ծառայությունների հասանելիության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, ընդգծել, որ յուրաքանչյուրը պարտավոր է պատասխանատու և բարեխիղճ աշխատանքով անձնվիրավաբար ծառայել հայրենիքին:
- Բժշկական որակյալ և անվտանգ ծառայությունների մատուցմամբ է միայն հնարավոր բարձրացնել քաղաքացիների վստահությունը բժշկական կենտրոնի նկատմամբ,- ասել է Լոռու մարզպետը՝ կարևորելով հատկապես բուժանձնակազմի անընդհատ մասնագիտական վերապատրաստումների անհրաժեշտությունը:
Անձնակազմի հետ քննարկվել են նաև ոլորտում կոռուպցիայի բացառման, պետական պատվերով առողջապահության ծառայության մատուցման, դեղորայքի ձեռքբերման, անհրաժեշտ բուժսարքավորումներով վերազինման, կարգապահական և այլ ոլորտային հարցեր:
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը մարզի ղեկավարին են ներկայացրել տեղեկատվություն՝ հիվանդանոցի ծանրաբեռնվածության, մասնագետներով և սարքավորումներով հագեցվածության, ընթացիկ խնդիրների մասին:
Քննարկվել են ամենաօպտիմալ ժամկետներում հրատապ խնդիրների լուծման հնարավոր տարբերակները:
Ա. Ղազարյանը շրջել է նաև բուժհաստատության առանձին մասնաշենքերով, զրուցել բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջությամբ, մաղթել շուտափույթ ապաքինում: