Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց ՀՀ Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին

19.01.2024


Հունվարի 19-ին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի աշխատակազմին, համայնքների ղեկավարներին, պետական և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարներին ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Ղազարյանին։ Ներկա էր նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արամ Խաչատրյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով երեք տարիների ընթացքում նրա աշխատանքային գործունեության արդյունքները։
-Հարգելի պարոն Խաչատրյան, դուք ձեր պաշտոնը ստանձնել էիք բավականին բարդ ժամանակահատվածում ու նաև բարդ փուլում եք իրականացրել ձեր աշխատանքային պարտավորությունները, բավականին բարդ հարցեր լուծում են ստացել,-ասաց նախարարը:
Խոսքն ուղղելով նորանշանակ մարզպետին՝ Գ. Սանոսյանը նշեց, որ արդեն մի քանի տարի առիթ է ունեցել համատեղ աշխատելու և համագործակցելու.
-Հարգելի պարոն Ղազարյան, շնորհավորում եմ ձեզ պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հաշվի առնելով, որ դուք այս մարզից եք, քաջածանոթ եք մարզային խնդիրներին, համոզված եմ, որ պատվով կկատարեք ձեր առջև դրված խնդիրները: Պարոն Ղազարյանի մարդկային որակները շատ բարձր են, աշխատող մարդ, խնդիրներից չխուսափող, խնդիրների ետևից գնացող մարդ: Վստահ եմ, որ կշարունակեք իրականացվող ծրագրերը և հետևողական կլինեք առկա խնդիրների հաղթահարման հարցում,-ասաց նախարարը:
Նորանշանակ մարզպետին շնորհավորեց Արամ Խաչատրյանը՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ.
-Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ ուզում հայտնել երեք տարի շարունակ մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար և շնորհավորել ձեզ՝ պարոն Ղազարյան՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Ուզում եմ ասել, որ մարզպետարանում պրոֆեսիոնալ թիմ է ձևավորված, որոնց հետ միասին կարող եք հաղթահարել ցանկացած խնդիր,-ասաց նա:
Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին Լոռու մարզպետի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և վստահեցրեց, որ ջանք չի խնայելու մարզի շարունակական զարգացումն ապահովելու հարցում: Դիմելով ներկաներին, մարզպետի աշխատակազմին՝ նշեց, որ համագործակցված և թիմային աշխատանքով է միայն հնարավոր հասնել լավագույն արդյունքի.
-Ինձ համար մեծ պատասխանատվություն է այս պաշտոնն ստանձնելը: Բավականին ծրագրեր են իրականացվել Լոռու մարզում, և ես պատրաստ եմ ապահովելու մարզի շարունակական զարգացումը: Պատրաստ եմ մեծ նվիրումով, պատասխանատվությամբ լուծել առկա խնդիրները,-ասաց Արամ Ղազարյանը:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անդրադարձավ նաև տարածքային կառավարման ոլորտի վերջին օրենսդրական փոփոխություններին, որոնք զգալի առաջընթաց կապահովեն համայնքների զարգացման համար։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38