Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

25.12.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն անցկացրել է խորհրդակցություն տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Ռուբեն Մարգարյանը նշել է, որ 2023 թվականին մարզում իրականացվել է 63 սուբվենցիոն ծրագիր, նույնքան էլ նախատեսվում է 2024 -ին:
- 2024 թ-ին ևս մարզում շարունակելու ենք մեծ թափով իրականացնել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ լայնածավալ և խիստ կարևոր ծրագրեր։ Ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանն ուղղված այդ ծրագրերի թվում են ոռոգման համակարգի, խմելու ջրի, մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական հիմնարկների վերանորոգման և կառուցման, ճանապարհների հիմնանորոգման, ասֆալտապատման, հասարակական, սպորտային և մշակութային շենքերի, այգիների, պուրակների, բազմաբնակարան շենքերի տանիքների բարեկարգման, լուսավորության և այլ աշխատանքներ,- ասել է Ա. Խաչատրյանը:
Մարզպետը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումը: Ա. Խաչատրյանը նշել է, որ համայնքային ու պետական բյուջեներից հատկացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը և այդ շրջանակում իրականացվող աշխատանքների որակը պետք է մշտական վերահսկողնության տակ լինեն և կատարվեն բարձր մակարդակով:
Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված հարցեր: Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանն, ըստ համայնքների, ներկայացրել է բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականի արդյունքները: Նա նշել է, որ այսօրվա դրությամբ մարզը շուրջ 92 տոկոս հավաքագրման ցուցանիշ է ապահովել:
Արամ Խաչատրյանը համայնքի ղեկավարներին հորդորել է հետևողական լինել ցուցանիշների հարցում և հիշեցրել է, որ հավաքագրման բարձր արդյունք ապահովելու դեպքում միայն համայնքները կարող են պահպանել ենթակառուցվածքները, զարգացնել համայնքը և լուրջ ծրագրեր իրականացնել բնակիչների համար:
Նիստի շրջանակում քննարկվել են նաև այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22