Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետը շնորհակալագրերով պարգևատրեց անցնող տարում հաղթանակներ գրանցած մարզիկներին
25.12.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հյուրընկալեց 2023 թվականի ընթացքում միջազգային մրցաշարերից հաղթանակով վերադարձած մարզիկներին և նրանց մարզիչներին։ Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի օգնականներ Էրիկ Կոստանյանը, Տիգրան Խաչատրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց հաջողությունների ու գրանցած լավ արդյունքների կապակցությամբ՝ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց քրտնաջան աշխատանքի համար։ Նա նշեց, որ հպարտ է լոռեցի մարզիկների արդյունքներով.
- Այս դժվարին ժամանակներում ձեր հաղթանակները ոգևորում են մեզ: Ձեր ցուցաբերած արդյունքների ու մարզիչների կատարած աշխատանքի շնորհիվ մեր մարզում սպորտը զարգացում է ապրում։ Վստահ եմ, որ հաղթանակների շարքը պետք է շարունակվի, և գալիք տարում ավելի մեծ արդյունքներ պետք է ունենանք սպորտի բնագավառում: Դուք միշտ մեր ուշադրության կենտրոնում եք, և պետությունն իր հնարավորությունների սահմանում անում է առավելագույնը,- ասաց մարզի ղեկավարը:
Մարզիկներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Լոռու մարզպետին՝ սպորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու համար և նշեցին, որ նման հանդիպումները պարտավորեցնում են՝ հասնելու նոր հաղթանակների:
Լոռու մարզպետի շնորհակալագրերին արժանացան Մհեր Օհանյանը՝ սամբոյի աշխարհի պատանիների առաջնությունում առաջին տեղը գրավելու համար (մարզիչ՝ Գագիկ Ղազարյան), Արգիշտի Հակոբյանը՝ բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում՝ առաջին և Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ երկրորդ տեղեր գրավելու համար (մարզիչ Գևորգ Կոստանյան), Արեն Խառատյանը` բռնցքամարտի պատանիների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում՝ երկրորդ տեղը գրավելու համար (մարզիչ Արկադի Կոստանյան), Հեղինե Պետրոսյանը` բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունում՝ երկրորդ տեղը գրավելու համար (մարզիչ Գառնիկ Պապիկյան), Արթուր Մանուկյանը` սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում՝ երրորդ տեղը գրավելու համար (մարզիչ Ռոբերտ Ավետիսյան), Սարգիս Սարգսյանը` սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի թիմային օլիմպիադայում՝ երկրորդ և աշխարհի անհատական առաջնությունում՝ երրորդ տեղեր գրավելու համար (մարզիչ՝ Գառնիկ Ներսեսյան):
Հաղթող և մրցանակակիր սաներ պատրաստելու համար շնորհակալագրերի արժանացան մարզիչներ Գագիկ Ղազարյանը, Գևորգ Կոստանյանը, Արկադի Կոստանյանը, Գառնիկ Պապիկյանը և Ռոբերտ Ավետիսյանը։
Պարգևատրվեցին նաև Վանաձորի «ՖԱՅԹԼԱՅՖ» (FIGHTLIFE) մարզական ակումբի տնօրեն Գեորգի Օհանյանը՝ Վանաձորում ծավալած ակտիվ մարզական գործունեության և արդյունավետ համագործակցության համար և Նարեկ Եգանյանը՝ Գինեսի ռեկորդ (Երկու VAZ 2107 մակնիշի մեքենաները վարման ընթացքի ժամանակ 11 վայրկյան ճոպաններով պահում) գրանցելու և Լոռու մարզի պատիվը բարձր պահելու համար: