Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

21.12.2023

Այսօր Լոռու մարզպետարանում հրավիրվել էր Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։ Փոխմարզպետը ողջունեց ներկաներին՝ իր և մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնելով ընթացիկ տարում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացման և հետևողական աշխատանքի համար։
Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը ամփոփ կերպով ներկայացրեց մարզում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ Լոռու մարզպետի աշխատակազմի, պետական այլ կառույցների և հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները։ Նա ներկայացրեց «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրերի հաշվառման գրանցամատյան» փաստաթղթերի լրացման վերաբերյալ ուղեցույցը, որը հանգամանորեն քննարկվեցին հանձնաժողովի անդամների հետ։ Ըստ կատարվող փոփոխության՝ հաշմանդամության գնահատումը կկատարվի անձի ֆունկցիոնալության 4 աստիճանով՝ թեթև, միջին, խորը և ծանր։ Նոր փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։
Վ․ Ջաղինյանը հանգամանորեն ներկայացրեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում բնակություն հաստատած անձանց ցուցաբերված պետական, նաև մարզպետի աշխատակազմի հետ գործակցությամբ միջազգային կառույցների կողմից իրականացված աջակցության ծրագրերը: Նա տեղեկացրեց, որ բոլորն ապահովված են ժամանակավոր կացարաններով:
Նիստի ընթաքում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացրած ուսումնասիրությունը՝ պետական և համայնքային միջոցներով նորոգված փողոցների մայթերին կառուցված թեքահարթակների մատչելիության, սահմանված նորմերին համապատասխանելու վերաբերյալ։ Կազմակերպության անդամ Հասմիկ Մխիթարյանը խոսեց իրականացվող բազմաբնույթ ծրագրերի մասին։ Նա ներկայացրեց միջազգային կառույցների հետ գործակցության շրջանակում իրականացվող «Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող անկախ կյանքի քաղաքականության ջատագովություն» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ և մարզային եռօրյա հանդիպումներ՝ Տավուշի, Կոտայքի և Արարատի մարզերում՝ ծրագրի մասնակիցների տեղեկացնելով անկախ կյանքի փիլիսոփայության ու անձնական օգնականի ծառայությունների մասին:
«Մանկական կենտրոն» ԲՀԿ նախագահ Թամարա Գրիգորյանը տեղեկատվություն հաղորդեց անցնող տարում կազմակերպության կողմից իրականացված ընթացիկ ծրագրերի մասին: Կազմակերպությունն անցնող տարում լայն գործունեություն է ծավալել Վանաձոր խոշորացված համայնքում՝ հաշմանդամություն ունեցող անձանց ապահովելով անհրաժեշտ պարագաներով։ Համայնքի բնակավայրերում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է 8 սայլակ, 4 ձեռնափայտ, 11 օրթոպետիկ մատրաս, 2 կորսետ, 21 օրթոպետիկ կոշիկ, 10 լսողական ապարատ, կատարվել է 7 անձի աչքի վիրահատություն, 8 անձի ատամի պրոթեզավորում, 1 անձի միզուղիների վիրահատություն։
Անցնող տարում կատարված աշխատանքների մասին խոսեց նաև «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Սուսաննա Ապրեսյանը։ «Մոլորակ» մշակութային լրատվական» ԲՀԿ-ի մասնակցությամբ 2023թ. իրականացվել են ինտեգրատիվ ներառական մի շարք ծրագրեր և միջոցառումներ՝ մշակույթի և կրթության ոլորտներում։
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06