Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետը մասնակցել է Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարի երդմնակալության արարողությանը

08.12.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մասնակցել է Ալավերդի խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Ղումաշյանի երդմնակալության արարողությանը:
Մարզպետը շնորհավորել է Դավիթ Ղումաշյանին համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա իր խոսքում մասնավորապես նշել է.
«Երեք օր առաջ, օրինական գործողությունների արդյունքում, ՏԻՄ օրենքին համահունչ, օրենքի ուժով հրավիրված նիստում, ավագանու քվեարկությամբ, տեղի ունեցավ գործող համայնքի ղեկավարի լիազորությունների դադարեցում և համայնքի նոր ղեկավարի օրինական ընտրություն։
Ցավում եմ, որ այդ օրինական գործընթացը տեղի ունեցավ թեժ կրքերի մթնոլորտում՝ լարվածություն ստեղծելով համայնքում, ինչը կոնկրետ ինձ համար՝ որպես մարզի ղեկավար, անցանկալի երևույթ է։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում և որևէ մեկը իրավասու չէ խոչընդոտելու իրավաչափ, օրինական գործընթացներին, առավել ևս՝ խժդժություն առաջացնելու կամ ավելորդ կրքեր բորբոքելու՝ առանց այդ էլ այս անհանգիստ ժամանակաշրջանում՝ հանիրավի սթրեսի ենթարկելով հանրությանը։
Օգտվելով ելույթիս իրավունքից՝ առաջին հերթին ուզում եմ խոսքս ուղղել Ալավերդու բնակչությանը՝ չտրվե՛ք սադրանքների։ Յուրաքանչյուր գործընթաց, ավելորդ չեմ համարում կրկնել՝ օրինական գործընթաց, բխում է միմիայն հանրության՝ ալավերդցիների շահերից։ Վստահ եմ, ստեղծարար, քարից հաց քամող, աշխատասեր, ազնիվ ալավերդցին իսկապես գիտակցում է սա։
Հարգելի՛ ներկաներ, այսօր այստեղ ենք՝ ներկա գտնվելու նորընտիր համայնքի ղեկավարի՝ Դավիթ Ղումաշյանի երդմնակալության արարողությանը։
Թույլ տվեք շնորհավորել ձեզ, պարոն Ղումաշյան, համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նվիրումով ու ամենայն պատասխանատվությամբ կծառայեք համայնքի բնակչությանը՝ ի շահ Ալավերդու զարգացման և ալավերդցու բարեկեցության։
Կոչ եմ անում ձեզ և ավագանու անդամներին կառուցողական մթնոլորտում համագործակցել ավագանու ընդդիմադիր խմբակցության հետ, ձեռք ձեռքի տալ և շենացնել Ալավերդի խոշորացված համայնքը՝ իր բոլոր բնակավայերով։ Միասնական ջանքերով՝ Լոռու մարզպետի աշխատակազմի, ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ, վստահ եմ, բարի ավանդույթներ և հզոր մարդկային ներուժ ունեցող այս համայնքում, կարճ ժամանակ անց զգալի առաջընթաց կգրանցենք, և բոլոր խնդիրներն, անգամ՝ ամենափոքր, կթողնենք անցյալում։
Ուզում եմ հույս հայտնել, որ ընդդիմադիր խմբակցությունն ի վերջո կգիտակցի,որ ավագանու լիազորություններից բխող իրավաչափ գործընթաց է տեղի ունեցել և այս իրավիճակում կարևորը գործակցությունն է՝ հանուն ալավերդցու շահի։
Հաջորդ տարի ևս ՀՀ կառավարության աջակցությամբ համայնքում մեծածավալ սուբվենցիոն և կապիտալ ծրագրեր ենք նախատեսում կյանքի կոչել, ինչի արդյունքում, վստահ եմ, էականորեն կբարելավվի բնակչության կենսամակարդակը, կբարեկարգվեն բնակավայերրը։ Փորձելու ենք ջանքեր գործադրել նաև քաղաքացիների զբաղվածության ապահովման ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ և այս առումով ևս համայնքապետարանն ու նորընտիր համայնքի ղեկավարը մեծ դերակատարություն կունենան։
Կրկին անգամ շնորհավորելով ձեզ, պարոն Ղումաշյան, համայնքի ղեկավարի պարտավորեցնող պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահ եմ, որ, մի կողմ թողնելով անցյալի անցանկալի միջադեպերը, կառուցողական մթնոլորտում, սերտորեն գործակցելով բոլոր առողջ ուժերի հետ, կլծվեք համայնքի շենացման գործին։
Ճանաչելով ձեզ՝ վստահ եմ կհաջողեք և համայնքի բնակիչները ևս կարճ ժամանակ անց կհամոզվեն դրանում»,-ասել է մարզի ղեկավարը։
Դ. Ղումաշյանը երդմնակալության ուղերձում նշել է՝ պատրաստ է բարեխղճորեն ու ազնվորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճման գործին՝ ի բարօրություն բնակիչների:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22