Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

05.12.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ընդունել է աշխատանքային այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջամալ Խանին, գրասենյակի հումանիտար ծրագրերի ղեկավար Անի Մելքումյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, բարեգործական ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ:

Մարզպետ Արամ Խաչատրյանը ողջունել է տիկին դեսպանին և շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարության և դեսպանատան աջակցությամբ մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող մեծածավալ ծրագրերի համար.

- Վստահ եմ՝ սերտորեն կհամագործակցենք ձեզ հետ, տիկին դեսպան, ի շահ ՀՀ և ԱՄՆ ժողովուրդների,- ասել է Ա. Խաչատրյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ դեսպան Քրիստինա Քվինը նշել է, որ ԱՄՆ դեսպանատունը մշտապես բարձր մակարդակով է համագործակել Լոռու մարզպետի աշխատակազմի հետ, և այդ գործակցությունը կշարունակվի նաև այսուհետ: Նա մարզի ղեկավարից հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերով:

Ա. Խաչատրյանը տիկին դեսպանին տեղեկացրել է, որ մարզի տարբեր բնակավայրերում ապաստան է գտել Լեռանային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 6000 քաղաքացի, հանգամանորեն իրազեկել է պետական աջակցության բոլոր ծրագրերի մասին:

-Բացի պետական աջակցության ծրագրերից, զգալի աշխատանքներ են իրականացվել նաև բարեգործական մի շարք կազմակերպությունների, անհատ բարերարների կողմից: Ուզում եմ շեշտել հատկապես կամավորների աշխատանքը՝ ի դեմս այստեղ ներկա Լիլիա Աբրահամյանի, հանրության շրջանում սիրված Աննա Հովհաննիսյանի, Նարինե Ղազարյանի և այլոց: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շեշտել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի, մարզի համայնքների աշխատակազմերի ներդրած մեծ ջանքերը՝ ուղղված մեր հայրենակիցներին,- ասել է մարզպետը:
Լիլիա Աբրահամյանն իր հերթին ընդգծել է կամավորական աշխատանքի կարևորությունը, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքները շատ բազմազան են, և նշել է, որ սիրով են ստանձնել մարդկանց օգտակար լինելու հաճելի պարտավորությունը:

Տիկին դեսպանը տեղեկացրել է, որ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակը իրականացնում է մարդասիրական աջակցության ծրագրեր, և վերջինիս շրջանակում մեծաքանակ մանկական սնունդ և հիգիենիկ պարագաներ է բերվել Լոռու մարզ՝ թիրախային խմբերին՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բաշխման աշխատանքները կհամակարգի Լիլիա Աբրահամյանը:

Ներկաներն այցելել են նաև Վանաձորի նախկին մանկատան տարածք, որտեղ էլ կայանել էին աջակցության բեռները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22