Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» նիստը

01.12.2023

Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռու մարզում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքային խմբի» հերթական նիստը, որը վարում էր աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Վերջինս ողջունեց ներկաներին և ներկայացրեց խմբի նոր անդամին՝ «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անի Գաբրիելյանին, ով Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի համապատասխան որոշմամբ կհամալրի աշխատանքային խմբի կազմը:
Խմբի անդամ, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանն ամփոփ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» հրամանով հաստատված, 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները:
Փոխօգնության խմբերի գործունեության ակտիվացման, աշխատանքների համակարգման հետ կապված, իրականացվելիք ծրագրերը նպատակին ծառայեցնելուն ուղղված մի շարք դիտարկումներ ներկայացրեց աշխատանքային խմբի անդամ, «Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ-ի տնօրեն Արթուր Ղուլիջանյանը: Նա կարևորեց հատկապես մարզի հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը փոխօգնության խմբերի ակտիվ գործունեությունն ապահովելու ուղղությամբ, ինչու չէ նաև՝ դրամաշնորհների միջոցով մի շարք ծրագրերի իրականացումը:
Նշվեց, որ փոխօգնության խմբերը պետք է գործեն կամավորության հիմունքներով, հավասարը հավասարի սկզբունքով, պարբերական հանդիպումներ ունենան, առաջնորդվեն մեկը մյուսին օգտակար լինելու պատրաստակամությամբ և այլն:
Խմբեր ձևավորելու համար պատրաստվել է նաև հարցաթերթիկ, որը կտրամադրվի բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան համալրելու փոխօգնության խմբերը:
Անի Գաբրիելյանը ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց «Հոգեկան առողջության խնամքը` հույզերի կառավարման գրավական» ծրագրի մասին:
Նիստի ավարտին Հ. Ավետիսյանը շնորհավորեց Արթուր Ղուլիջանյանին «Հայկական հոգեբուժության ասոցիացիայի» վարչության անդամ ընտրվելու կապակցությամբ:
Բարձրացված հարցերի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում, տրվեցին հանձնարարականներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38