Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անտառապատման ու բնապահպանական կրթական ծրագրերն ուշադրության կենտրոնում են

24.11.2023

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հայաստանյան համակարգող Ռուզաննա Առուստամյանի, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այսօր այցելել են Մարգահովիտ բնակավայրում գտնվող «Հրանտ Դինքի» հիշատակի անտառ:
Այցի նպատակն էր Փամբակ համայնքի Մարգահովիտ բնակավայրում ծանոթանալ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող լայնածավալ կանաչապատման և բնապահպանական կրթական ծրագրերին:
«Հրանտ Դինքի» անտառը հիմնվել է 16 տարի առաջ՝ «Էյ Թի Փի» հիմնադրամի կողմից: Այստեղ տնկված է 53.000 ծառ, տարածքն ընդգրկում է 11 հեկտար տարածք:
Այցի ընթացում կողմերը քննարկել են համագործակցության հետագա քայլերը: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստակամ են նոր տարածքներում անտառապատման և կանաչապատման աշխատանքներ իրականացնել:
Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի ներկայացուցիչներին Լոռու մարզում բնապահպանական մեծածավալ աշխատանքներ իրականացնելու համար, որոնք ունեն նաև կրթական բաղադրիչ, ինչը ևս շատ կարևոր է:
- Լոռու մարզպետի աշխատակազմը այս տարիների ընթացքում սերտորեն գործակցել է կազմակերպության հետ. համատեղ մի շարք ծրագրեր են իրականացվել: Այսուհետ ևս պատրաստ ենք համագործակցել նոր նախաձեռնությունների շրջանակներում,- ասել է Լոռու մարզպետը:
Այցելություն է կատարվել նաև Մարգահովիտ բնակավայրում գտնվող «Էյ Թի Փի» հիմնադրամի անտառվերականգնման տնկարան, որտեղ հիմնականում աճեցվում են սոճու, կեչու, վայրի խնձորի և տանձի տնկիներ: Նրանք ծանոթացել են տնկարանի և ջերմատան գործունեությանը, առաջիկա ծրագրերին։
Համբարձում Մաթևոսյանը, Արամ Խաչատրյանը և Սուրեն Կոստանդյանը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառեր են տնկել:
Աշխատանքային խումբը եղել է նաև հիմնադրամի բնապահպանական կրթության կենտրոնում, որը տարեկան մոտ 3000 այցելու է ունենում: Կենտրոնի աշխատակիցներն այստեղ հյուընկալվող դպրոցականների և ուսանողների հետ բնապահպանական ծրագրեր և միջոցառումներ են իրականացնում, էկոճամբարներ կազմակերպում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22