Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների և քաղաքացիական անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը

21.11.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ ներկա է եղել Գյուլագարակ համայնքում կազմակերպված միջոցառում-քննարկմանը՝ նվիրված ռազմական գործողությունների ժամանակ զինծառայողների և քաղաքացիական անձանց խախտված իրավունքների պաշտպանությանը:
Միջոցառումը կազմակերպվել էր «Արփի» հասարակական կազմակերպության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ և Լոռու մարզպետի աշխատակազմի, Գյուլագարակ համայնքի և դպրոցի կոլեկտիվի աջակցությամբ:
Ներկա էին նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Արշակյանի մայրը՝ Նաիրա Հովսեփյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, պատերազմի մասնակից տղաներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, բարձր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ, հյուրեր:
Մարզպետ Արամ Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել տիկին Մանասյանին և «Արփի» ՀԿ-ին՝ միջոցառման նախաձեռնության համար:
-44-օրյա պատերազմից հետո ծանր հոգեվիճակում ենք բոլորս: Կարծում եմ, մեզ տևական ժամանակ է պետք այն հաղթահարելու համար, թեև վստահ եմ, որ մեր զոհված հերոս տղաների կորստի մորմոքը մեզ ուղեկցելու է ողջ կյանքի ընթացքում: Այնպիսի սխրանքներ, որ գործել են մեր տղաները ռազմի դաշտում, միաժամանակ կռվելով մի քանի օտարերկրյա բանակների, վարձկանների դեմ, ուղղակի աննկարագրելի է, և նրանց գործած հերոսական սխրանքների՝ երբեմն անհավանական թվացող դրվագներն են, որ մեզ ուժ են տալիս ապրելու և առաջ շարժվելու: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին, խորին խոնարհում նրանց շիրիմներին: Փա՛ռք մեր հերոսներին: Երախտիքիս խոսքը և խոնարհումս նաև հերոսածին մայրերին: Դուք ամենաթանկն եք տվել Հայրենիքին: Ձեր որդիների մեջ սերմանել եք Հայրենիքն անսահման սիրելու և հանուն Հայրենիքի, ընկերոջ աննկարագրելի սխրանքներ գործելու ոգին: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել նաև այսօր այստեղ ներկա մեր հերոսներին, հերոսածին մորը՝ տիկին Նաիրա Հովսեփյանին, և վստահեցնել, որ մենք ձեր կողքին ու թիկունքին ենք բոլոր նախաձեռնություններում: Մեր գերագույն խնդիրն այսօր ու այսուհետ պետք է լինի մեր երկրի հզորացումը բոլոր առումներով՝ տնտեսության զարգացմամբ, կրթական համակարգի կատարելագործմամբ, պաշտպանական համակարգերի հզորացմամբ, բոլոր ուղղություններով, և սա պետք է լինի մեր օրակարգային թիվ մեկ խնդիրը,-ասել է մարզի ղեկավարը:
Նա հույս է հայտնել, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ և կընդգրկեն նաև մարզի մյուս համայնքները:
Ա. Մանասյանն իր խոսքում կարևորել է ռազմական գործողությունների ժամանակ խախտված իրավունքների պաշտպանության նպատակով ակտիվ գործակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ, որը հասանելի է շուրջօրյա ռեժիմով: Նա առաջարկել է իր և գրասենյակի աշխատակիցների հետ քննարկել խնդրահարույց ցանկացած հարց:
Ա. Մանասյանի առաջարկությամբ՝ Նաիրա Հովսեփյանը ներկայացրել է որդու՝ Գևորգի, կյանքի ուղին և ռազմի դաշտում գործած աննկարագրելի սխրանքները: Նա կոչ է արել ներկաներին ոչ մի պարագայում չհուսահատվել, այլ հանուն Հայրենիքի հզորանալ ու չդադարել պայքարել:
«Արփի» ՀԿ շահառու հանդիսացող, 44-օրյա պատերազմի մասնակից տղաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:
Գեղարվեստական համարներ են ներկայացրել նաև դպրոցի աշակերտները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22