Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոքր դրամաշնորհներով՝ դեպի մեծ նպատակներ

20.11.2023

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ այսօր մասնակցել են «ՏԻՄ-երի առաջնորդության հմտությունների զարգացում՝ ՀՀ մարզերում սոցիալական ձեռներեցության զարգացման համար» ծրագրի փակման արարողությանը:
Ծրագիրն իրականացվել է «Եվրասիա» ԲՀԿ-ի կողմից՝ «Սոլիդարիթի ֆանդ» լեհական կամզակերպության աջակցությամբ և ֆինանսավորվել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհաստանի զարգացման համագործակցության շրջանակում։
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Սոլիդարիթի ֆանդ» կազմակերպության ներկայացուցիչ Աննա Ռադեչկան, «Եվրասիա» ԲՀԿ-ի գլխավոր տնօրեն Լիանա Եսայանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ծրագրի մասնակիցներ և այլք:
Ծրագրի շրջանակում Լոռու մարզի Ձորագյուղ, Քարինջ, Չկալով, Վահագնի, Դեբետ և Դսեղ բնակավայրերի ՏԻՄ անդամները և բիզնես ոլորտի ներկայացուցիչները մասնակցել են «Արդյունավետ համագործակցության սկզբունքները, տեղական համագործակցության առավելությունները և տեղական տնտեսական զարգացում» թեմայով դասընթացների, որի արդյունքում լավագույն և իրատեսական 4 գաղափարներն արժանացել են դրամաշնորհների:
Հաղթող մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է 1500 եվրոյին համարժեք դրամ և ընդլայնել իր բիզնեսը կամ նոր բիզնես հիմնել:
Ծրագրի արդյունքում Չկալով բնակավայրում կզարգանա բադաբուծությունը, Դսեղում խաղահրապարակի կառուցմամբ ընդլանվել է գործող հյուրատնային բիզնեսներից մեկը, ծրագրի մասնակիցներից մյուսը Դսեղում թեյատուն է հիմնել, Դեբետի համար էլ նոր հնարավորություններ է ստեղծել նորաբաց հուշանվերների խանութը:
Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից, շնորհավորել է բոլոր մասնակիցներին, շնորհակալություն հայտնել ծրագիրը մարզում բարեհաջող իրականացնող բոլոր կողմներին և ընդգծել է, որ մարզպետի աշխատակազմը պատրաստ է իր լիազորություների շրջանակում աջակցել փոքր ու մեծ այն ծրագրերին, որոնք միտված են համայնքային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը:
Ծրագրի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Լոռու մարզպետի աշխատակազմին ծրագրի 6 ամիսների ողջ ընթացքում արդյունավետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար:

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-12 17:30:44