Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ԻՏԵՔՍ» ընկերությունը մեկ տարվա ընթացքում կրկնապատկել է աշխատակիցների թիվը և արտադրության ծավալները

07.11.2023

Վանաձորի «ԻՏԵՔՍ» ընկերությունը, հիմնադրման մեկամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել: Ընկերության աշխատակազմին շնորհավորելու էին գնացել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, հյուրեր:
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ջերմ բարեմաղթանքներ հղեց ընկերության ղեկավար կազմին և աշխատակիցներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ վանաձորցիների, Լոռու մարզի ու Հայաստանի Հանրապետության:
- Մեկ տարին նման մեծածավալ արտադրության մեկնարկի համար սովորաբար բավարար չէ էական արդյունքներ գրանցելու, սակայն դուք ձեր նպատակասլացությամբ և վճռականությամբ արեցիք անհնարինը և լրջագույն արդյունքներ արձանագրեցիք: Յուրաքանչյուր արտադրություն և այն էլ՝ հաջողված գործընթաց, առաջին հերթին էական ազդեցություն է ունենում մեր երկրի տնտեսական զարգացման վրա, նոր աշխատատեղեր ստեղծում, ինչը շատ կարևոր է մեր հայրենակիցների բարեկեցության ապահովման առումով: Այսօր արտադրությունում աշխատում է ավելի քան 1200 մարդ, կրկնակի ավելի, քան ուղիղ մեկ տարի առաջ, այսինքն՝ դուք արժանապատիվ վաստակելու հնարավորություն եք ընձեռել այդքան ընտանիքների: Նաև առաջիններից էիք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մեր մարզում ապաստան գտած մեր հայրենակիցներին աշխատանք առաջարկեցիք, որպեսզի կարողանան վաստակել և հիմնական բնակություն հաստատել մեր մարզում: Սա, հայրենանվեր գործ է, քանի որ երկրի տնտեսության զարգացմանը նպաստելը, մարդկանց արժանավայել վաստակելու հնարավորություն ընձեռելը, իսկապես հայրենասիրություն է:
Դուք իրականացնում եք իտալական հանրահայտ բրենդների հագուստի արտադրություն, սակայն դրանք արտահանվում են Իտալիա «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ, ինչը ևս շատ կարևոր է, որովհետև աշխարհը տեսնում է, որ այս որակյալ հագուստներն արտադրվում են Հայաստանում հայ կանանց ձեռքերով: Դրանք որակի երաշխիք են ողջ աշխարհում:
Դուք հետզհետե ավելացնում եք արտադրական ծավալները, ինչը բացառապես խոսում է ձեր հաջողությունների և նպատակասլաց, անշեղ ուղու մասին: Վստահ եմ այս տեմպերով դուք շատ կարճ ժամանակ անց կդառնաք առաջատարներից մեկը այս տարածաշրջանում,-ասաց նա:
Շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք հղեց նաև Արկադի Փելեշյանը:
«ԻՏԵՔՍ» ընկերության տնօրեն Արթուր Եթիմյանը համառոտ ներկայացրեց ընկերության հաջողությունները, արտադրական գործընթացը՝ իր հերթին ևս շնորհավորելով կոլեկտիվին:
Ընթերցվեց նաև ընկերության հիմնադիր Գագիկ Սարուխանյանի շնորհավորական ուղերձը:
-Մեր աննախադեպ աճը, շատ սահմանափակ ժամանակահատվածում, վկայում է ավելի քան 2500 աշխատակից ունեցող SARTIS արդյունաբերական խմբի լրջության մասին, որի մաս են կազմում ԻՏԵՔՍ, ՍԱՐՏՈՆ և ՍԱՐՏԵՔՍ ընկերությունները,-ասված էր ուղերձում:
Հյուրերը շրջեցին նաև արտադրությունում՝ ծանոթացան ստեղծված պայմաններին՝ ընկերությանը մաղթելով նորանոր ձեռբերումներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 16:55:38