Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տաշիրում գործարկվել է «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական համալիրը

30.10.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին Տաշիր համայնքում ներկա է եղել «Երեմյան Փրոջեքթսի» անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացմանը։
Բացման ներկա էին նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը, Եվրասիական զարգացման բանկի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։
Ներդրումային այս խոշոր ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։
Նախագծի բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 43,5 միլիոն ԱՄՆ դոլար։
Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, և 32 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տևել են 14 ամիս։
Անասնապահական համալիրը բաղկացած է տավարաբուծական ֆերմայից, որն իր հերթին ունի անասնապահական գոմերի 2 մասնաշենք (1500 գլուխ կենդանու համար, որոնք օրական 40-45 հազար լիտր կաթ են ապահովելու) շրջանաձև ավտոմատ կթարան, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի, չոր խոտի ընդարձակ պահեստ, սիլոսի, գոմաղբի հեռացման հորեր։ Անասնապահական համալիրի խոզաբուծական ֆերման (580-600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17 000 գլուխ կենդանի են տալու) ունի 3 անասնապահական գոմեր, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գոմաղբի հեռացման հորեր։ Սպանդանոցը, որը դեռևս կառուցման փուլում է, նախատեսված է միանգամից 50 խոզի և 10 խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար։ Բոլոր միավորներն ունեն ադմինիստրատիվ մասնաշենքեր, որոնք ներառում են հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով կահավորված գրասենյակ, ընդարձակ և լուսավոր հանդիպումների սրահ, առանձին աշխատասենյակներ, խոհանոց:
Ներդրումային այս ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է այս նախագծի ներդրումային ծախսերը։
«Կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումը, որոնք միտված են նպաստել պարենային անվտանգության ապահովմանն ու ագրոարդյունաբերության ոլորտում կայուն տնտեսական զարգացմանը։ Կրկնակի ողջունելի է, երբ նման ծրագրերն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։ Էկոնոմիկայի նախարարության անունից հայտնում եմ մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել նման խոշոր նախաձեռնությունների իրականացմանը։ Վստահ եմ, բարձրակարգ, գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս ֆերման լավ օրինակ կծառայի մեծ և փոքր ֆերմերային ընկերությունների համար, թե ինչպես պետք է զբաղվել բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ», - նշել է նախարար Վահան Քերոբյանը։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանը, աջակցող բոլոր կառույցներին մարզում նման, նախադեպը չունեցող ծրագրի իրականացման համար․
«Այս ծրագրի իրականացումը զգալիորեն կնպաստի տարածաշրջանում գյուղատնտեսության զարգացմանը, ինչը շղթայական կերպով ազդեցություն կունենա մարզի տնտեսության զարգացման, ենթակառուցվածքների բարելավման վրա։ Կարևորում եմ նաև այս նախագծի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծումը»,-նշել է մարզպետը։
Դավիթ Երեմյանի խոսքով՝ սա աննախադեպ նախագիծ է թե՛ Հայաստանի և թե՛ ոլորտի համար։
«Տվյալ ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթսը» ներդրումներ է կատարում Հայաստանի երկու մարզում՝ Երևան քաղաքում կառուցվում է ժամանակակից կաթի վերամշակման գործարան, և Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվել է անասնապահական համալիր», - նշել է Դավիթ Երեմյանն ու հավելել,-« Այս ծրագրով մենք նաև մեծ պատասխանատվություն էինք ստանձնել Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության և կաթնամթերքի արտադրության և թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ։ Նման ֆերմերային տնտեսվարումն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման խնդիր է լուծում, ինչը մեր նպատակներից մեկն էր»։
Համալիրը ևս գործելու է փակ շղթայով, ինչի արդյունքում ապահովվելու է բարձրակարգ կաթի ու կաթնամթերքի արտադրությունը, մատակարարումն ու սպառումը։
Այս նախագիծը հնարավորություն է տվել այս մեկ տարվա ընթացքում ապահովել նաև մարզի զբաղվածությունը, քանի որ շինարարության ընթացքում հիմնական աշխատուժը Լոռու մարզի բնակչությունն է եղել։ Անասնապահական համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 120 աշխատատեղ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07