Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Խաչատրյան. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ քաղաքացի մեր տեսադաշտից չպետք է դուրս մնա»

20.10.2023

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետի աշխատակազմի մի խումբ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում ապաստան գտած մեր հայրենակիցներին առնչվող ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:
Նշվեց, որ ներկա պահին մարզում բնակվում է 5648 անձ (1441 ընտանիք): 914 երեխա արդեն հաճախում է մարզի տարբեր դպրոցներ, 18 աշակերտ հաճախում է քոլեջ, ուսումնարան, 60 երեխա՝ մանկապարտեզ, 16 երեխա՝ նախակրթարան, 13 անձ հիվանդանոցային ծառայություն իրականացնող բժշկական հաստատություններում ստանում է համապատասխան բուժում: 4238 անձ արդեն հաշվառվել է մարզային համաբուժարաններում: 18 անձ արդեն անցել է աշխատանքի՝ ուսումնական հաստատություններում, 1 անձ ընդունվել է աշխատանքի Վանաձորի թիվ 33 մանկապարտեզում:
Մարզի ղեկավարը կարևորեց հյուրանոցներում և հյուրատներում բնակվող մեր հայրենակիցներին առաջիկայում վարձակալությամբ տրվող բնակարաններում տեղավորելու անհրաժեշտությունը՝ առավել երկարաժամկետ բնակություն հաստատելու նպատակով:
-Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները կարողանան բնակարաններ գտնել, դպրոցահասակ և մանկահասակ երեխաները դպրոց և մանկապարտեզ հաճախեն, մեծահասակները աշխատանքի անցնեն, մի խոսքով՝ անցում կատարեն բնականոն կյանքին:
Ինչպես հայտնի է, մեր հայրենակիցներին, բացի պետբյուջեից տրված 100-հազարական դրամ միանվագ աջակցությունից, ՀՀ կառավարության որոշմամբ՝ 6 ամիս ժամկետով, սոցիալական աջակցություն ևս կտրամադրվի՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարման համար,-ասաց Ա. Խաչատրյանը:
Մարզի ղեկավարը մարզպետարանի պաշտոնյաներին հանձնարարեց առաջիկա օրերին այցելել Վանաձոր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում բնակվող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին, հասկանալ ընթացիկ խնդիրները՝ դրանց լուծումներ տալու նպատակով, նաև իրազեկել պետական աջակցության ծրագրերի մասին:
Զեկուցվեց, որ պետական աջակցությամբ՝ Վանաձորի համայնքապետարանի կողմից, սննդային փաթեթների բաշխումն ընթացքի մեջ է:
«Վանաձորի ընտանիքի և երեխաների աջակցման կենտրոնում», «Վանաձորի Տարածքային հոգեբանամանկավարժական կենտրոնում» (ՏՄԱԿ) և «Վանաձորի պետական համալսարանի «Բազում» ուսումնամարզական հանգրվանում» ժամանակավոր ապաստան գտած մեր հայրենակիցներին սնունդ է մատակարարվում Լոռու մարզպետի աշխատակազմի աշխատակիցների կողմից:
Ըստ առաջնային անհրաժեշտության, մեր հայրենակիցներին տրամադրվում են նաև տաք հագուստ, տեխնիկա(լվացքի մեքենաներ, սառնարաններ, հեռուստացույցներ), գույք, անկողնային պարագաներ և այլ:
Մարզի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուներին մարզպետ Արամ Խաչատրյանը հանձնարարեց առաջիկա օրերին կրկին շրջայց իրականացնել, համապատասխանաբար՝ դպրոցներում՝ կրթություն ստացող երեխաների ուսման գործընթացին հետևելու և ստացիոնար ու համաբուժարանային հաստատություններում՝ բուժում ստացող բուժառուների առողջական վիճակին ծանոթանալու նպատակով:
-Մեր տեսադաշտից որևէ քաղաքացի չպետք է դուրս մնա,-ասաց Ա. Խաչատրյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22