Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզի և ՊԱԿԱ ռեգիոնի համագործակցությունն առավել կամրապնդվի
18.10.2023
Երկօրյա այցով Լոռու մարզում գտնվող Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության ծառայության ներկայացուցիչներին այսօր ընդունեց Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու այլ պաշտոնյաներ, շահագրգիռ անձինք:
Գոռ Ասրյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության ներկայացուցիչներին Լոռու մարզում ՊԱԿԱ նահանգի կողմից իրականացվող ծրագրերի և սերտ համագործակցության համար: Մարզպետի տեղակալը կարևորեց բարեկամական երկու երկրների ջանքերն ու պատրաստակամությունն՝ ուղղված տարբեր ծրագրերի շարունակականությունն ապահովելուն և նոր գաղափարների շուրջ համագործակցության ընդլայնմանը:
Լոռու մարզն ու ՊԱԿԱ նահանգը համագործակցում են զբոսաշրջության զարգացման, կրթության, վերականգնվող էներգիայի, կլիմայական փոփոխությունների, առողջապահության և այլ ոլորտներում:
ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության ծառայության բաժնի ղեկավար Լորան Շամբրիալը և Հայաստանյան ծրագրի ղեկավար Սեսիլ Էլիզալդը նշեցին, որ ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդը պատրաստ է ամրապնդել և շարունակել համագործացկությունը Լոռու մարզի հետ: Իբրև առաջնային ոլորտներ՝ նշվեցին զբոսաշրջության և ջրային ռեսուրսների կառավարման, պահպանության, խնայողության և այլ ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ներկաները քննարկեցին նաև երկու մարզերի տարբեր քաղաքների բարեկամական նոր հարաբերությունների հատատմանն ուղղված քայլերը՝ քույր քաղաքների հռչակման և համագործակցության նոր ուղիների մշակման տեսանկյունից: