Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզ և ՊԱԿԱ ռեգիոն գործակցությունը նոր հարթություն կտեղափոխվի
17.10.2023
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանն ընդունել են չորսօրյա այցով ՀՀ-ում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության ՊԱԿԱ ռեգիոնի ռեգիոնալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության ծառայության բաժնի ղեկավար Լորան Շամբրիալին և Հայաստանյան ծրագրի ղեկավար Սեսիլ Էլիզալդին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:
Մարզի ղեկավարը և փոխմարզպետը շնորհակալություն են հայտնել գործընկերներին Լոռու մարզի պատվիրակությունների այցերը ՊԱԿԱ ռեգիոն բարձր մակարդակով կազմակերպելու և հերթական անգամ Լոռու մարզում հյուրընկալվելու համար:
-Ֆրանսիան մեր դարավոր բարեկամն է և Հայաստանի համար դժվարին օրերին մշտապես մեր կողքին է եղել: Հիմա էլ հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում դարձյալ բարեկամական ձեռք է մեկնել,-ասաց մարզի ղեկավարը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ հյուրերը փոխանցեցին ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի նախագահ Ռենո Մուզելիեի ջերմ ողջույնները և պատրաստակամությունը է՛լ ավելի սերտացնելու Լոռու մարզի հետ գործակցությունը:
- Նախագահ Ռենո Մուզելիեի կարգադրությամբ մեր մարզը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերելու արցախահայ փախստականներին, ովքեր բնակություն են հաստատել Լոռու մարզում: Բացի այդ, նպատակ ունենք նոր ծրագրեր իրականացնելու կրթական, առողջապահական, զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Այս տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին նախատեսվում է պարոն Մուզելիեի այցը Լոռու մարզ՝ գործակցության խորացման նպատակով առավել գործնական քայլեր ձեռնարկելու համար,-ասաց Լորան Շամբրիալը:
Վերջինս նաև նշեց, որ երկու օր լինելու են Լոռու մարզում, և նախատեսում են շրջայց իրականացնել մի շարք համայնքներում, այդ թվում՝ Սպիտակ, Լոռի Բերդ, Ալավերդի:
ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի ապակենտրոնացված համագործակցության ծառայության բաժնի ղեկավար Լորան Շամբրիալը և Հայաստանյան ծրագրի ղեկավար Սեսիլ Էլիզալդը մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել են Սպիտակի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցում է իրականացվում: Տնօրեն Լուսինե Մաթոսյանի ուղեկցությամբ նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել ֆրանսերենի ուսուցման մեթոդաբանությանը, այնուհետև տեղեկացրել, որ առաջիկայում՝ բյուջեի հաստատումից հետո, նախատեսում են դպրոցում հատակի նորոգման, պատուհանների փոփոխման և մասնակի կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնել:
Ֆրանսիացի հյուրերը Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի և Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների հետ այցելել են նաև Վանաձորի բժշկական կենտրոն, հանդիպել տնօրեն Վահագն Մկրտչյանին: Նրանք քննարկել են «Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական հոգեբանական կազմակերպության կողմից իրականացվող հղի կանանց հոգեբանական աջակցության ծրագրի արդյունքները, ձեռքբերումները և առաջիկա անելիքները:
Հ. Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը, «Ցավեր՝ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչներին իրականացվող ծրագրի համար: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը շարունակական կլինի և նշել, որ հոգեբանական աջակցության ծրագրերի անհրաժեշտություն կա հատկապես հիմա՝ հետպատերազմական շրջանում:
Հյուրերը ԲԿ-ում հանդիպել են նաև ծրագրի շահառուների հետ, ովքեր մասնագետների կողմից ստանում են անվճար հոգեբանական ծառայություններ: