Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարը Լոռու մարզպետի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ այցելել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին, անցկացրել խորհրդակցություն

06.10.2023

Այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ նախարարը շրջայց է կատարել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում, այցելել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Նրանք ծանոթացել են կացարանների պայմաններին, զրուցել տեղահանվածների հետ, ապա քաղաքացիներին տեղեկացրել ՀՀ կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերի մասին։
Նախարարը լսել է բռնի տեղահանվածների կարիքները, խնդիրները. դրանք գույքագրվել են և առաջիկայում ՀՀ կառավարության, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների միջոցով կստանան լուծումներ։
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Կառավարությունն անում է առավելագույնը, որպեսզի այս պահին բռնի տեղահանվածների կարիքները լինեն բավարարված։
Նախարարը հորդորել է պարտադիր հաշվառվել, որպեսզի առաջիկայում դուրս չմնան տարբեր աջակցության ծրագրերից։
Կացարաններից մեկում տարեդարձ էր նշում փոքրիկ Նարեկը : Նախարարի, մարզի ղեկավարի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից 7-ամյա Նարեկն արժանացել է ջերմ շնորհավորանքների և նվերների:
Այսօր Գնել Սանոսյանը նաև խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում: Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզպետին, համայնքապետերին, նրանց աշխատակազմերին՝ առաջին օրերին բռնի տեղահանված քաղաքացիների տեղավորման աշխատանքները պատշաճ կատարելու համար` հավելելով, որ այդ փուլը կարելի է համարել ավարտված և ժամանակն է անցնել հաջորդ փուլին: Նա նշեց, որ անհրաժեշտ է ճշգրտորեն հավաքագրել այն բոլոր տվյալները, ինչը վերաբերում է մեր հայրենակիցների տեղակայման վայրերին, կարիքներին, արդյո՞ք բոլորն ապահովված են սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով, արդյո՞ք երեխաներն արդեն դպրոց հաճախում են, թե՞՝ ոչ։
Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց։
Նախարարը հանձնարարել է նաև համայնքներում, բնակավայրերում բռնի տեղահանված քաղաքացիներին ամենօրյա այցերի ժամանակ իրազեկել Կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի, միանվագ 100 հազարական դրամների, 40+10 հազար դրամների, ինչպես նաև դրանք ստանալու ընթացակարգերի մասին։
Նախարարը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում իրականացվող աշխատանքներում ներգրավել կամավորների։
Խորհրդակցության ընթացքում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը զեկուցել է մարզում ամենօրյա ռեժիմով իրականացվող աշխատանքների մասին։
Լոռու մարզում այս պահին ապաստանել է մոտ 4400 բռնի տեղահանված քաղաքացի։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22