Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ա. Խաչատրյան «Ամեն ինչ պետք է անենք մեր հայրնեակիցների համար այս ծանր իրավիճակում՝ նրանց հոգսը թեթևացնելու, օգնության ձեռք մեկնելու համար»

29.09.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն էր հրավիրվել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների, մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և տարածքային ՄՍԾ-ների տնօրենների մասնակցությամբ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզի տարբեր բնակավայրերում ապաստանել ցանկացող մեր հայրենակիցներին կեցավայրով ապահովելու և սոցիալական, առողջապահական, կրթական և մի շարք այլ հարցերի կազմակերպման աշխատանքները օպերատիվ և բարձր մակարդակով իրականացնելուն էին ուղղված խորհրդակցության օրակարգային հարցերը:
Նշվեց, որ կեսօրի դրությամբ մարզպետարանը մարզի խոշորացված համայնքների հետ համագործակցությամբ ընդունել է շուրջ հազար բռնի տեղահանված քաղաքացի, ովքեր ապահովվել են կեցավայրով: Մարդկանց հոսքը պարբերաբար աճում է:
Մարզի ղեկավարը հայտնեց, որ այս նպատակով մարզպետի աշխատակազմում ստեղծված համակարգող խումբը և համայնքներում ձևավորված արագ արձագանքման խմբերն աշխատում են շուրջօրյա ռեժիմով՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նրանց անշահախնդիր աշխատանքի համար:
Ա. Խաչատրյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ պետբյուջեից մարզպետարանին հատկացված միջոցներից կփոխհատուցվեն հյուրանոց-հյուրատների ծախսերը, վարձակալությամբ տրամադրված բնակարանների վարձերը և այլն:
Լուծում կստանան նաև դպրոցականների կրթության ապահովման, նախադպրոցական տարիքի երեխաների՝ մանկապարտեզներ հաճախելու խնդիրները:
-Ինչպես արդեն հայտարարվել է, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները անխոչընդոտ կերպով պետք է հաճախեն այն դպրոցներ, որոնք ունեն լիցենզիայով սահմանված տեղեր, անհրաժեշտ քանակությունը լրանալու դեպքում՝ նաև այլ դպրոցներ,- ասաց մարզի ղեկավարը: Նա նաև շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների համաբուժարանային և ստացիոնար բուժօգնությունը ևս անվճար պետք է լինի:
-Առաջիկայում՝ կարիքների գնահատումից հետո, կփորձենք առկա ռեսուրսների սահմաններում լուծել նաև աշխատանքի տեղավորման խնդիրներ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում գործատուների հետ: Ամեն ինչ պետք է անենք մեր հայրենակիցների համար այս ծանր իրավիճակում նրանց հոգսը թեթևացնելու, օգնության ձեռք մեկնելու համար,- ասաց մարզպետը:
Մարզի ղեկավարը կոչ արեց բոլոր այն քաղաքացիները, ովքեր ինքնաբուխ կերպով են մարզ եկել և ապաստան գտել հարազատների տներում, անպայման այցելեն համայնքապետարաններ և ՄՍԾ-ներ՝ հաշվառվելու և կարիքների գնահատում անցնելու նպատակով, որպեսզի դուրս չմնան պետական աջակցության ծրագրերից:
Հընթացս քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 16:32:27