Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա են եղել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում «Կոնցեպտ» հյուրանոցի բացմանը

18.09.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում ներկա է եղել «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու «Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի» բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:
Իր խոսքում վարչապետը ողջունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ վերջին 20 օրվա մեջ Լոռու մարզի այս տարածաշրջանում է երկրորդ անգամ:
Վարչապետի խոսքով՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի, «Թումո» հիմնադրամի և նմանատիպ այլ ծրագրերի շնորհիվ վերագնահատում ենք բարեգործություն բառը, որովհետև, նրա կարծիքով, շատ կարևոր է նույնիսկ բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները ներդնել զարգացման ծրագրերի վրա։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանում տեղակայված «Կոնցեպտ» հյուրանոցը, համագումարների կենտրոնը կծառայեն որպես հանգստի, մասնագիտական և հասարակական միջոցառումների վայր՝ այդպիսով ապահովելով Լոռիում ՔՈԱՖ-ի կրթական ծրագրերի շարունակականությունն ու ընդլայնումը։
«Արդեն քսան տարի է՝ ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ «Կոնցեպտի» մեկնարկով մենք ոչ միայն քաղում ենք մեր երազանքի պտուղները, այլև կերտում նոր ապագա։ Այն մեր թիմի յուրաքանչյուր անդամի ունեցած հզոր ներուժի արդյունքն է, որն ամեն անգամ գործի է դրվում միասնականության և նորարարության շնորհիվ։ Սա ավելին է, քան ուղղակի կառույց․ այն հույսի փարոս է, մեր ընդհանուր երազանքների խորհրդանիշն ու դեպի լուսավոր ապագա ուղին»,- բացման իր խոսքում ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը։
Դեբեդում հազարավոր այցելուների հյուրընկալած ՔՈԱՖ փառատոնն իր շուրջն է համախմբում Հայաստանի երաժշտական տաղանդներին, մարզաբնակ արտադրողներին և արհեստագործներին։ Այն անցկացվում է «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնության շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ։
Փառատոնի ընթացքում 30-ից ավելի մարզաբնակ ձեռներեցներ, որոնցից շատերը ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագրերի շահառուներ են, ցուցահանդեսային հատվածում ներկայացնում են իրենց արտադրանքը։ Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու և ձեռք բերելու թեյեր ու գյուղմթերք, հագուստ, խնամքի և կոսմետիկ պարագաներ, ձեռագործ տարբեր իրեր՝ պայուսակներ, հուշանվերներ, ինչպես նաև ժամանցային ծառայություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-14 10:48:07