Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Վատորակ աշխատանքները չեն ֆինանսավորվի». Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը հետևել է Սպիտակ համայնքում իրականացվող շինաշխատանքներին
06.09.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետի աշխատակազմի և Սպիտակի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն, Սարամեջ, Լեռնանցք, Սպիտակ, Արևաշող և Նոր Խաչակապ բնակավայրերում հետևել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում և պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին:
Ջրաշեն բնակավայրում ընթացքի մեջ են բնակելի թաղամասի գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը 33 մլն 480 հազար դրամ է:
Այստեղ նաև իրականացվում են փողոցային լուսավորության ընդլայնման և 4 փողոցի տուֆ քարով սալարկման աշխատանքներ՝ ընդհանուր 1267 մ: Խոստանում են վերջինս ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Հ. Ավետիսյանի հորդորն է՝ աշխատանքներն իրականացնելիս որակին զուգահեռ հետևել նաև ժամկետներին, քանի որ Ջրաշենը համեմատաբար ցուրտ բնակավայր է, հետևաբար անհրաժեշտ է տեմպերն արագացնել, որպեսզի ծրագիրը կիսատ չմնա:
-Միայն լուրջ հիմնավորումների դպեքում կարող են ծրագրերը տեղափոխվել հաջորդ տարի: Մնացած դեպքերում ծրագիրն ուղղակի կարող է կասեցվել: Չեն բացառվում նաև տույժ-տուգանքները՝ չհիմնավորված ձգձգումների պատճառով,- ասել է փոխմարզպետը:
Սարամեջում իրականացվում է Տ-5-23 (Մ3)՝ 4.3 կմ ճանապարհի հիմնանորոգում՝ ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ: Ծրագրի իրականացումը ՀՀ վարչապետի խոստումներից է: Պայմանագրային արժեքը 517 մլն դրամ է: Աշխատանքներն 90 տոկոսով ավարտված են: Ճանապարհը շահագործման կհանձվի մինչև տարեվերջ:
Լեռնանցք բնակավայրում նույնպես իրականացվում է բնակելի թաղամասի գազաֆիկացում(ծրագրի պայմանագրային արժեքը 45 մլն 600 հազար դրամ է), բնակավայրի փողոցային լուսավորության համակարգի ընդլայնում:
Սպիտակ բնակավայրում մարզպետի տեղակալը հետևել է քաղաքային զբոսայգու վերանորոգման աշխատանքներին(ծրագրի արժեքը 40 մլն 788 հազար դրամ է) և բազմաբնակարան շենքների բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքների ընթացքին(պայմանագրային արժեքը՝ 20 մլն 501 հազար դրամ):
Արևաշող բնակավայրում այս տարի ևս ծավալուն աշխատանքներ են իրականացվում. կատարվել է լուսավորության համակարգի ընդլայնում, կենտրոնական ճանապարհի 500 մ հատվածի հիմնանորոգում՝ ասֆալտապատմամբ(2-րդ փուլ, ծրագրի արժեքը՝ 35 մլն 131 հազար դրամ), իսկ Նոր Խաչակապում իրականացվում է 254 մ ճանապարհի սալարկում՝ տուֆ քարով:
Մարզպետի տեղակալը բոլոր շինարարական կազմակերպություններին հորդորել է խստագույն կերպով հետևել աշխատանքների որակին՝ ընդգծելով՝ վատորակ աշխատանքները պարզապես չեն ֆինանսավորվի:
Հիշեցնենք, որ 2023թ.-ի համար Սպիտակ համայնքի բոլոր բնակավայրերում իրականացվում է ընդհանուր շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ արժողությամբ 7 ծրագիր: