Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների վաղ հայտնաբերման հետ կապված հարցեր
01.09.2023
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ Լոռու մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու ռիսկի գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացման, անհրաժեշտ աջակցության տրամադրման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելուն ուղղված մի շարք հարցեր:
Քննարկմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների ոլորտի հարցերով պատասխանատու պաշտոնյաները, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների տնօրենները, ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների պատասխանատուները, համայնքապետարանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչները, համայնքային սոցիալական աշխատողները։
Մարզպետի տեղակալը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը՝ նշելով, որ պատասխանատու կառույցների հետ սերտ գործակցության շնորհիվ մարզում այս առումով դրական պատկեր ունենք․ արագ բացահայտվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց խնդիրներին տրվում են հրատապ լուծումներ։
Փոխմարզպետը նշել է նաև, որ հանրապետությունում խնամատարության ծրագրից օգտվողների քանակով մարզն առաջատար է։
Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Իրինա Մարտիրոսյանը տրամադրել է տեղեկատվություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների հետ տարվող ընթացիկ աշխատանքների, նոր դեպքերի բացահայտման և ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի հետ կապված:
Հանդիպման ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են նաև առանձին խնդրահարույց դեպքեր և առաջարկվել են դրանց հնարավոր լուծումները։
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անդրադարձ է կատարվել նաև ուսումնական հաստատություններում անչափահասների կողմից թմրանյութերի ձեռքբերման և համակարգչային խաղերի բացասական ազդեցությունների ուղղությամբ՝ բոլոր կառույցների միասնական գործակցությամբ տարվող անհրաժեշտ քայլերին։