Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վերագործարկվեց Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը
01.09.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ այսօր դիմավորել են Գյումրի-Վանաձոր-Գյումրի առաջին էլեկտրագնացքով Վանաձոր ժամանած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանին և այլ պաշտոնատար անձանց:
Մարզի ղեկավարը շնորհավորել է տասներեք տարի անց երկու մարզկենտրոններն իրար կապող նոր էլեկտրագնացքի վերագործարկման առթիվ։
- Այս երթուղին սպասարկող էլեկտրագնացքի կիրարկմամբ ավելի կհեշտանա մեր քաղաքացիների տեղափոխումը, սա նաև հրաշալի միջոց է մարզային կյանքն աշխուժացնելու ու երկու մարզերում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար,- նշել է մարզպետը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից Գյումրի-Վանաձոր-Գյումրի էլեկտրագնացքը փորձնական կգործարկվի մինչև հոկտեմբերի 1-ը։ Այն կաշխատի ամենօրյա ռեժիմով, բացառությամբ՝ չորեքշաբթի օրերի։ Ուղևորության տևողությունը կկազմի 1 ժամ 32 րոպե է:
Էլեկտրագնացքը Գյումրիից Վանաձոր կհասնի Մայիսյան, Ջաջուռ, Հարթագյուղ (Ղալթաղչի), Շիրակամուտ (Նալբանդ), Սպիտակ, Արջուտ բնակավայրերի կանգառներով: Գնացքը Գյումրու կառամատույցից կմեկնի 07:30-ին՝ Վանաձորի կայարան ժամանելով ժամը 09։00-ին: Վանաձորի կայարանից հակառակ ուղղությամբ կմեկնի 17:15-ին, Գյումրի կհասնի ժամը 18:47-ին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ տոմսերը կվաճառվեն էլեկտրագնացքում՝ գանձապահ-ուղեկցորդների կողմից: