Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձոր ԲԿ-ում բացվեց պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա
01.09.2023

«Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում ժամանակակից սարքավորումներով նոր լաբորատորիա բացվեց «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ախտաբանաանատոմիական բաժանմունքում: Ախտաբանահյուսվածքաբանական և ախտաբանաբջջաբանական գերժամանակակից լաբորատորիան հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը:
Լաբորատորիայի բացման արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը և այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Կենտրոնին տրամադրվել են մի շարք գերժամանակակից և կարևորագույն բժշկական սարքավորումներ կենսական նշանակության բազմաթիվ բարդ հետազոտություններ իրականացնելու համար, որոնք մինչև այդ վերամշակման են ուղարկվել Երևան:
Լաբորատորիայի հիմնական գործառույթը ուռուցքային հիվանդությունների սքրինինգն է, օնկոհիվանությունների վաղ կամ այլ փուլերում հայտնաբերումը:
«Առողջապահության ոլորտը մարզում ակնհայտ առաջընթաց է ապրում: Այս աջակցության շնորհիվ այսօր մենք մարզում ունենք ախտորոշիչ նեղ մասնագիտական եզակի լաբորատորիա: Ներդրումային կարևորագույն ծրագրերով դուք միշտ մեր մարզի կողքին եք: Ես շնորհակալություն եմ հայտնում և՛ «Ազնավուր» հիմնադրամին, և՛ Ճապոնիայի կառավարությանը հերթական աջակցության համար»,- ասաց Լոռու մարզպետը:
Ճապոնիայի դեպսպանը նշեց, որ «Վանաձորի բժշկական կենտրոնին բժշկական սարքավորումների տրամադրում» ծրագիրն իրագործվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության Մարդկային անվտանգության ապահովման «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ «Ազնավուր» հիմնադրամի կողմից:
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այս կարևոր ծրագրում ներգրավված բոլոր կողմերին և շնորհավորում եմ ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ», - ասաց դեսպանը:
Արդիական ախտորոշիչ ծառայությունը հասանելի կլինի Լոռու և հարակից մարզերի բուժառուների համար: