Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԳՄՍ նախարարի տեղակալը 2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում անցկացրել է օգոստոսյան խորհրդակցություն
24.08.2023
Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Լոռու մարզում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանի, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչների, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, ինչպես նաև մարզը ներկայացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
Արաքսիա Սվաջյանը խորհրդակցության սկզբում նախ ներկայացրեց միասնական քննությունների և բուհերի ընդունելության Լոռու մարզի վիճակագրությունը: «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից ստացված ամփոփ տվյալների համաձայն՝ Լոռու մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին միասնական և ներբուհական քննություններով մասնակցելու հայտ է ներկայացրել 1035 դիմորդ: Հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 795 դիմորդ, որոնցից 173-ը (21.8 %)՝ անվճար հայտով:
«Շատ լավ ցուցանիշներ են, շնորհակալություն նման արդյունք ապահովելու համար»,- դպրոցի ղեկավարներին ուղղված իր խոսքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Լոռեցի դիմորդներն ամենաշատն ընդունվել են հետևյալ բուհերը՝ ՎՊՀ (287), ԵՊՀ (115), Երևանի բժշկական համալսարան (64), Երևանի տնտեսագիտական համալսարանն (58) և այլն: Առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում «Կառավարում», «Բուժական գործ», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունները: Լոռու մարզից 10 դիմորդ ընդունվել է տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններով ուսանելու համար՝ 3-ը «Քիմիա», 3-ը «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ» և այլն:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին նաև 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը և նոր դասագրքերի ստեղծմանը։ Նախարարի տեղակալը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։ Նա տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների ուսուցիչները կստանան հավելավճար՝ բացառությամբ մաթեմատիկա դասավանդողների։
Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: Ա. Սվաջյանը հավելել է, որ առաջիկա սեպտեմբերից ներդրվող ֆինանսավորման նոր մոդելով բոլոր դպրոցներում պարտադիր է լինելու հոգեբանի հաստիքը։