Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը՝ Դեբետում
22.08.2023

Օգոստոսի 20-ին Դեբետ բնակավայրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լոռու մարզպետարանի, Փամբակի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպել է «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Փամբակի համայնքապետ Սուրեն Կոստանդյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, կինոգործիչներ, արվեստասեր հյուրեր հանրապետության տարբեր համայնքներից և արտերկրից։
Միջոցառումը մեկնարկել է Դեբետի պարի խմբակների սաների կատարումներով, ներկաներին ուղղված ողջույնի խոսքերով։
Տ. Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին՝ միջոցառումը Լոռու մարզում անցկացնելու համար։
- Մայրաքաղաքից ու խոշոր քաղաքներից դուրս կազմակերպվող նմանատիպ միջոցառումները գյուղերի բնակիչներին հնարավորություն են տալիս մասնակից դառնալու փառատոնային օրերին և դիտելու վերջին տարիների վավերագրական կինոյի լավագույն նմուշները։ Այս իրադարձությունը նաև մեծ խթան է մարզում փառատոնային զբոսաշրջությունն ակտիվացնելու համար,- նշել է մարզպետի խորհրդականը։
Մեկշաբաթյա փառատոնի ընթացքում մրցույթի կներկայացվեն կարճամետրաժ և լիամետրաժ շուրջ 40 ֆիլմեր, կլինեն նաև հատուկ ցուցադրություններ: Հայ կինոյի 100-ամյակին նվիրված՝ ծրագրում ժողովված կլինեն հայկական կինովավերագրության ուշագրավ նմուշներից 9-ը և «Մենք ուրուր օնինք» եռաֆիլմ ծրագիրը:
Ավանդույթի համաձայն՝ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած կինոգործիչները մեկ շաբաթ կապրեն գյուղացիների տներում, կծանոթանան հայկական կենցաղին ու մշակույթին։
Փառատոնի շրջանակներում ցուցադրություններն անցկացվում են բացօթյա և անվճար՝ Դեբետի գյուղապետարանի բակում և «Դեբատուն» հյուրատանը։