Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Կարոտում ես՝ երկինք նայիր». հուշ-ցերեկույթ՝ նվիրված 21-ամյա զինվորին
22.08.2023
Օգոստոսի 19-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել «Կարոտում ես՝ երկինք նայիր» խորագրով հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով անմահացած Արամ Մանուկյանի ծննդյան 21-րդ տարելիցին: Հիշատակի երեկոյին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, Շահումյան համայնքի հոգևոր հովիվ Տեր-Ներսես քահանա Ղալայանը, զինվորի հարազատները, զինակից ընկերները, հյուրեր:
- Մեր զինվորներն ապահովել են մեր խաղաղությունը, հայրենիքի սահմանների պաշտպանության սուրբ գործում մեր քաջերն իրենց արիաբար են դրսևորել և անմնացորդ նվիրվել հայոց բանակին: Նրանք մեզ հետ են, քանի դեռ հիշում ենք, խոնարհումս մեր սուրբ նահատակներին: Հավերժ փառք Ձեզ, տղանե՛ր ասել է Հ. Ավետիսյանը:
Միջոցառումը նախաձեռնել էր Արամի քույրը՝ Մելինե Մանուկյանը: Կատարումներով հանդես են եկել «Լայթ տրիո» խմբի երաժիշտները, «Պոեզիայի և ասմունքի թատրոնի» սաները, «Մեծ Հայք» պարային համույթը: Կատարվել է նաև Արամ Մանուկյանի մասին պատմող «Քո ամուր թևերով` իմ կիաստ թռիչքը» վերնագրով գրքի շնորհանդեսը: