Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամփոփվել են «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագրի մրցույթների արդյունքները
21.08.2023
Լոռու մարզի Ահնիձոր, Մարց, Լորուտ, Եղեգնուտ, Դեբետ, Դսեղ և Մարգահովիտ բնակավայրերում շուրջ մեկ տարի է՝ իրականացվում է «Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում» ծրագիրը, որի նպատակը կենսաբազմազանության ու լանդշաֆտների պահպանումն է, բնական ռեսուրսների կայուն օգտագործումն ու տեղի բնակիչների շրջանում բնության պահպանման գիտակցության բարձրացումը։
Ծրագրի շրջանակներում հայտարարված երեք մրցույթների ամփոփման միջոցառմանը ներկա են գտնվել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության գլխավոր մասնագետ Արտակ Դեմիրչյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը, ոլորտի մասնագետներ, մրցույթի մասնակիցներ։
Լոռու մարզի 7 բնակավայրերում ծրագիրը բարեհաջող իրականացնելու համար Տիգրան Հովսեփյանն իր և մարզի ղեկավար Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել ծրագրի պատասխանատուներին, ակտիվ մասնակցության համար՝ մասնակից համայնքներին:
- Ողջունում եմ փոքր համայնքներում ապրող և իրենց համայնքային խնդիրները տարբեր ծրագրերի միջոցով լուծել ցանկացող անձանց և նախաձեռնող խմբերի մասնակցությունն այս կարևոր ծրագրին: Ուրախ եմ, որ ցանկանում եք բարելավվել կյանքը ձեր բնակավայրերում: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ և թող իրականանան ձեր գաղափարները,- նշել է մարզպետի խորհրդականը:
Ծրագրի շրջանակներում հայտարարվել էին երեք մրցույթներ։ «Գյուղաբնակ երեխաների համար» հայտարարված ստեղծագործական մրցույթում մարզի շուրջ 150 երեխաներ ստացել են դրամական մրցանակներ։
«Ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու բնությանը համահունչ ապրելուն ուղղված» մրցույթում յուրաքանչյուր բնակավայրից ընտրվել են երեք մրցանակակիր ընտանիքներ։ Այսպիսով՝ 20-ից ավելի ընտանիքներ ստացել են պարգևներ՝ 100.000-200․000 դրամի չափով։
«Ինչպես բարելավել գյուղի կենսապահովման պայմանները կայուն եղանակով» թեմայով մրցույթի արդյունքում առաջին մրցանակի է արժանացել Եղեգնուտ բնակավայրի ներկայացրած՝ «Դեպի սարեր, դաշտեր և անտառներ տանող ճանապարհների վերանորոգում» ծրագիրը, որի իրագործման համար թիմը ստացել է 2 մլն դրամ։ Երկրորդ մրցանակային տեղը գրավել է Լորուտի «Բնակավայրում ստեղծել զբոսագի» ծրագիրը և ստացել 1,5 մլն դրամ մրցանակ, մյուս գյուղերն իրենց գաղափարներն իրագործելու համար պարգևատրվել են 850.000-ական դրամ մրցանակով։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (WWF-Հայաստան) կողմից։