Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզում ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 700 հեկտարով

14.08.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանն աշխատանքային այցով Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի և Ծաղկաբեր բնակավայրերում էր:

Այցի ընթացքում Արուս Թումանյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, Մեծ Պարնի և Ծաղկաբեր համայնքների վարչական ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ քննարկեցին «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023 թվականի պետական աջակցության ծրագրի» նախագծային առաջարկները, տեխնիկայի նորացման, սուբվենցիոն ծրագրերի և այլ միջոցներով ջրամբարների կառուցման անհրաժեշտության հետ կապված հարցեր, այնուհետև վերոհիշյալ բնակավայրերում հետևեցին հացահատիկի բերքահավաքի ընթացքին:

Նախորդ տարվա համեմատությամբ՝ Լոռու մարզում ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 700 հեկտարով, որից 490 հեկտարը հացահատիկի ցանքատարածություններն են: Աշնանացանն ավելացել է 1035 հետկարով կամ շուրջ 11 տոկոսով: Ցուցանիշը պայմանավորված է «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրով» պետության կողմից տրամադրվող սուբսիդիայով, որից մարզում օգտվել է 3384 շահառու: Հավաստագրված սերմացուով մշակվել է՝ մոտ 2908 հա ցանքատարածություն, չհավաստագրված սերմացուով ՝ 4386 հա:

Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի համոզմամբ՝ մարզում 1 հեկտարից միջինում 30-35 ցենտներ բերք է սպասվում: Առավել բարձր ցուցանիշներ կգրանցվեն Տաշիրի, Լոռի Բերդի, Գյուլագարակի, Սպիտակի տարածաշրջաններում: Ըստ նրա, ցուցանիշներն ավելի բարձր կլինեին, եթե կրծողները վնաս չպատճառեին ցանքատարածքներին:
《Թեպետ թունաքիմիկատներ են կիրառվել մկնանման կրծողների դեմ, սակայն այդքան էլ արդյունավետ չի եղել դրանց դեմ պայքարը,֊ ասում է Ա. Թումանյանը։

Ալավերդու տարածաշրջանում ցուցանիշները ցածր են եղել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Լոռու մարզում ավելացել են նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ծրագրից օգտվողները: Նախորդ տարվա ընթացքում մոտ 1500 ապահովագրական դիմումատուներից շուրջ 850-ը ստացել է փոխհատուցում: Այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, գրեթե 70 տոկոսով ավելացել է նաև ապահովագրությունից օգտվողների թիվը:

Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Հ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ համայնքում 2035 հեկտար աշնանացան ցորեն է մշակվել. 1700 հեկտարը մշակվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շնորհիվ: Ծրագրի 1150 շահառուները հավաստագրված սերմացուով մշակել են ավելի քան 250 հա հողատարածք, շուրջ 1500 հողատարածք էլ մշակվել է ոչ հավաստագրված սերմացուով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17