Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում բացօթյա ցուցադրվել են Շուշիի գորգերի 55 նմուշները

14.08.2023

Արցախի տարբեր շրջաններից հավաքված գորգերի 55 նմուշներ Վանաձորի Մոր և մանկան այգում այսօր բացօթյա ցուցադրության են հանվել, կատարվել է նաև «գորգերն արևին տալու» արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, արվեստասեր հյուրեր։

Արցախից բերված շուրջ 170 տարվա պատմություն ունեցող գորգերը բարձրորակ բրդից են պատրաստված և տարեցտարի ավելի են բարձրացնում իրենց արժեքը։ Փաթաթված գորգերն արևի տակ փռելը պարտադիր պայման ու արդեն ձևավորված ավանդույթ է գորգերի թարմությունն ու գույները պահպանելու համար։
Այս տարի 《գորգերն արևին տալու》 արարողությունը համընկել է նաև հեթանոսական Նավասարդ տոնի հետ։

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այս կարևոր և գեղեցիկ միջոցառումը Վանաձորում անցկացնելու համար։

- Շուշիի գորգերն ապացույցն են մեր դարավոր պատմության, մեր հայ մշակույթի շարունակության: Նմանօրինակ բացօթյա ցուցադրությունները ևս մեկ միջոց են մեր մշակույթը, մեր պատմությունը ցուցադրելու և փոխանցելու գալիք սերունդներին,- նշել է փոխմարզպետը։

Շնորհակալական խոսք է հնչեցրել նաև մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ կարևորելով ազգային լավագույն ավանդույթների ու պատմական արժեքների պահպանումը:

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ատվածատրյանը շնորհակալություն է հայտնել մարզային իշխանություններին՝ իրենց տարբեր նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար։ Նա իր երախտիքի խոսքն է հայտնել նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ողջ աշխատակազմին՝ արդեն մեկ տարի Շուշիի գորգերն իրենց հարկի տակ պահելու և այս միջոցառումը նախաձեռնելու համար:
Ցուցադրությունն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ։
Արցախի տարբեր շրջաններում պատրաստված գորգերի շատ այլ նմուշներ ցուցադրված են նաև Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան տուն-թանգարանում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 11:33:22