Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Լոռու մարզում հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցեր

10.08.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին անտառային ոլորտի խնդիրներին, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին ուղղված, անտառային հնարավոր հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման մարզային աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր:
Վլադիմիր Կիրակոսյանը նշեց, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այդ իսկ պատճառով վարչապետի որոշմամբ ստեղծվել է անտառային հրդեհների դեմ պայքարի աշխատանքային խումբ, որը անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև հետևանքների վերացմանն ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում: Միջոցառումների շրջանակներում անտառածածկ մարզերում կանխարգելիչ գործողություններ են ձեռնարկվում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հրդեհների կանխարգելման նպատակով իրականացվող համատեղ աշխատանքների, հնարավոր հրդեհների մարման ժամանակ ուժերի ներգրավման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ բնակչության իրազեկման հիմնահարցեր:
Անտառային կոմիտեի նախագահը Ա. Խաչատրյանին տեղեկացրեց, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անտառամերձ հատվածներում և բնակավայրերում, հանգստյան գոտիներում պարբերաբար իրականացվում են շրջայցեր, կատարվում է հակահրդեհային իրավիճակի մոնիթորինգ, իսկ որոշ հատվածներում, կախված եղանակային պայմաններից՝ սահմանվում են հերթապահություններ։
Արամ Խաչատրյանը կարևորեց պատասխանատու բոլոր օղակների համակարգված աշխատանքը՝ իրավիճակը մարզում վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Անտառային կոմիտեին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Լոռու մարզպետի աշխատակազմի հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06