Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Տեղական ակտիվ խմբերի միջոցով
10.08.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEADER) ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին և ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանին։
Հանդիպման նպատակն էր հանգամանալի ներկայացնել ծրագրի շրջանակներում մարզում կատարված աշխատանքները, ծրագրի նպատակներն ու առաջիկա անելիքները:
Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ։
Ա. Տիրատուրյանը մարզպետին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում Լոռիում և Տավուշում ստեղծվել են հինգ Տեղական ակտիվ խմբեր (ՏԱԽ-եր), որոնք բաղկացած են պետական, մասնավոր և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: ՏԱԽ-երը մշակել են իրենց ռազմավարական գործողությունների ծրագրերն՝ ուղղված համայնքների բազմակողմանի զարգացմանը:
Այդ ծրագրերն իրականացնելու համար արդեն իսկ հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, հաղթող ՏԱԽ-երը հնարավորություն կստանան իրականացնել իրենց համայնքային զարգացման ծրագրերը՝ ստանալով ֆինանսական օժանդակություն: Պատասխանատուները նշեցին, որ համայնքային զարգացման իրենց ծրագրերն իրականացվում են փոքր և սակավ ռեսուրսներով գյուղական բնակավայրերում:
Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ծրագիրը մարզում իրականացնելու համար՝ կարևորելով ՏԱԽ-երի դերը համայնքների զարգացման գործում։
- Այս նախաձեռնությունը ոգևորում է բոլորիս: Մեր լիազորությունների շրջանակներում պատրաստ ենք օժանդակել ծրագրի բարեհաջող իրականացմանը,- նշեց մարզի ղեկավարը։
Ծրագրի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին մարզպետին ծրագրին մշտապես աջակցելու և պատրաստակամության համար։
Հիշեցնենք, որ ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ։